ՀՀ-ՀՈՒՆԱՍՏԱՆ-ԿԻՊՐՈՍ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացրել են համատեղ զորավարժություններ: Վարժանքների նպատակը եղել է մարտական պայմաններում հատուկ նշանակության ուժերի մարտունակության և փոխգործունակության բարձրացումը։ Զորավարժություններն անցկացվել են 2021 թվականի նոյեմբերի 22-ից 26-ը Հունաստան-Կիպրոս-Հայաստան եռակողմ համագործակցության ծրագրի շրջանակներում։ Դասընթացը ներառել է արագ արձագանքման մարտական հրաձգություն, շարժվող թիրախների ոչնչացում, գիշերային ու քաղաքային մարտեր և այլն: «Նման զորավարժությունները Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի միջև Եռակողմ համագործակցության ծրագրի հետ միասին, արտացոլում են երեք երկրների զինված ուժերի հիանալի համագործակցությունը»,- հայտարարել է Կիպրոսի պաշտպանության նախարարությունը:
ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ԿԱՅՑԵԼԻ ՂՐԻՄ
Ղրիմը դե ֆակտո և դե յուրե դարձել է ռուսական 2014 թվականի հանրաքվեից հետո՝ հայտարարել է Բելառուսի նախագահը Russia Today լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում: Ալքսանդր Լուկաշենկոն նաև հայտնել է, որ եթե Կիևն իրեն թշնամաբար պահի, Մինսկը կկանգնի Մոսկվայի կողքին: «Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Ուկրաինան դառնա մերը: Այն մերն է, այնտեղ մեր ժողովուրդն է՝ շեշտել է Լուկաշենկոն: Նրա խոսքով՝ եթե ՆԱՏՕ-ն միջուկային զենք տեղակայի Լեհաստանում, Բելառուսն իր տարածքը նույն նպատակով կառաջարկի Ռուսաստանին: Բելառուսի ղեկավարը նաև հայտնել է, որ ծրագրում է այցելել Ղրիմ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով, և իր ճանապարհորդությունը կցանկանար սկսել Սևաստոպոլից։
ՂՐԻՄԻ ՇՈՒՐՋ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ Է ՀՐԱՀՐՎՈՒՄ. ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳ
Լուկաշենկոյի հայտարարություններին է անդրադարձել է Դանիայի արտգործնախարարը, որը գտնվում է Ռիգայում, ուր մեկնարկել է ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Հանդիպումները նախագահում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Դանիայի արտաքին գործերի նախարար Յեպպե Կոֆոդը նշել է, որ Ղրիմի շուրջ լարվածություն է հրահրվում: Դանիան զգուշացրել է, որ եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա կամ ռազմական գործողություններ սկսի, դա ծանր հետևանքներ կունենա: Հանդիպումից առաջ Թուրքիայի արտգործնախարարը կողմերին հանգստության և իրավիճակի լարվածության թուլացման կոչ է արել: ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման օրակարգում կլինեն իրավիճակը Ուկրաինայում, Բելառուսում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ներգրավվածության հետ կապված խնդիրները:
Աճող լարվածության ֆոնին՝ ահազանգ է հնչեցրել նաև պաշտոնական Մոսկվան: Կիևը Դոնբաս է տեղափոխել 125 հազար զինծառայող և սպա՝ ուկրաինական բանակի անձնակազմի կեսը՝ վստահեցրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հավելել է, որ Մոսկվային անհանգստացնում է խնդրի խաղաղ կարգավորումից Կիևի փաստացի հրաժարումը:
ՄԻՉԻԳԱՆՈՒՄ ԱՆԿԱՆՈՆ ԿՐԱԿԱՀԵՐԹԻՑ ԶՈՀՎԵԼ Է 3 ԴՊՐՈՑԱԿԱՆ
ԱՄՆ Միչիգան նահանգի դպրոցներից մեկում 15-ամյա պատանին անկանոն կրակել է աշակերտների ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 8 հոգի։ Երկու հոգու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուսների առողջական վիճակը կայուն ծանր է: Միջադեպից հետո հանցագործը ատրճանակը հանձնել է ոստիկաններին և ձեռբակալվել: Ոստիկանները մանրամասնել են, որ 15-ամյա աշակերտը կիսաավտոմատ ատրճանակով 15-20 կրակոց Է արձակել: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Մինեապոլիսում անդրադարձել է միջադեպին, հայտնել, որ իշանությունները պարզում են Օքսֆորդ քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հանգամանքները:
ԱՀԿ-Ն ԴԵՄ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԽԻՍՏ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻՆ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտահոգություն է հայտնել կորոնավիրուսի նոր շտամի՝ «օմիկրոնի» պատճառով աշխարհում ներդրվող լուրջ սահմանափակումների առնչությամբ: ԱՀԿ գլխավոր տնօրենը նշել է, որ անհանգստացած է, որ որոշ պետություններ ներդնում են կոշտ, համընդհանուր միջոցառումներ, որոնք հիմնված չեն փաստերի վրա. Գեբրեյեսուսի խոսքով՝ դրանք միայն կխորացնեն անհավասարությունն աշխարհում։