Թուրքական լիրայի արժեզրկման վերաբերյալ հեռուստաեթերում նախագահ Ռեջեփ Էրդողանը ներկայացրել է հերթական մեկնաբանությունները, որից հետո լիրան արժեզրկման նոր ռեկորդ է գրանցել՝ գրում է Ermenihaber-ը:
Նոյեմբերի 30-ին ուղիղ եթերում մեկնաբանելով ազգային արժույթի շարունակական արժեզրկումը՝ Էրդողանը նշել է, որ իր կառավարությունը տնտեսության նոր մոդել է որդեգրել, որի շրջանակներում նվազեցնում են վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ դրանով աջակցելով տեղական արտադրողին ու խթանելով արտահանումը:
Էրդողանի այդ ելույթից հետո թուրքական լիրայի փոխարժեքը 1 դոլարի նկատմամբ 13.30-ից հասել է 13.96-ի՝ գրանցելով հերթական պատմական հակառեկորդը: Այս պահին, սակայն, փոխարժեքը որոշակիորեն վերականգնվել է՝ կազմելով 1 դոլարի դիմաց 13.45 թուրքական լիրա:
Լիրան այս տարի արժեզրկվել է մոտ 40 տոկոսով, իսկ միայն նախորդ շաբաթվանից՝ 20 տոկոսով։
Վերջին շարունակական արժեզրկումը սկսվեց, երբ Թուրքիայի կենտրոնական բանկը նոյեմբերի 18-ին տոկոսադրույքը 16-ից նվազեցրեց մինչև 15 տոկոսի, ինչից հետո նախագահ Թայիփ Էրդողանը մի քանի անգամ հանդես եկավ տոկոսադրույքի հետագա նվազման օգտին:
Թուրքիայի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Ապագա» կուսակցության հիմնադիր Ահմեթ Դավութօղլուն սոցցանցում կատարած գրառումներում նախագահ Էրդողանին խնդրել է այլևս չխոսել լիրայի կուրսի վերաբերյալ, քանի որ դրանից հետո թուրքական արժույթն ավելի է արժեզրկվում: