«Հողի գաղտնիքը. Շահումյանի նորահայտ դամբարանը» խորագրով՝ Ժողովրդական արվեստների թանգարանում բացվել է տարվա բացառիկ ցուցահանդեսը. 4,5 հազար տարվա հնագիտական մի գանձարան, որի նմուշները պատկանում են վաղ բրոնզի դարի «կուր-արաքսյան մշակույթին»:
Հնագույն դամբարանը հայտնաբերվել է Արմավիրի մարզի Շահումյան համայնքում օգոստոսին: Հնագիտական արշավախումբը Ռուբեն Բադալյանի ղեկավարությամբ առաջին իսկ ուսումնասիրությունից պարզել է, որ բացառիկ դամբարանը ժամանակագրվում է մ․թ․ա․ III հազարամյակի առաջին քառորդով: Արշավախմբի ղեկավարը փաստում է՝ լաբորատոր բազմազան ուսումնասիրությունները տարիներ կպահանջեն:
Ցուցահանդեսի այցելուների թվում է նաև դամբարանաշերտի տարածքի սեփականատերը; Տնտեսագետ Մուշեղ Հարությունյանը դամբարանը հայտնաբերել է իր այգում՝ նուշի և պիստակի այգու ծառատունկի ընթացքում: Առաջին իսկ հայացքից հասկացել է՝ գործ ունի մեծարժեք գտածոյի հետ: Անմիջապես տեղեկացրել է մասնագետներին և ըստ ամենայնի աջակցելու է արշավախմբին:
ԿԳՄՍ նախարարությունն առանձնահատուկ կարևորում է Մուշեղ Հարությունյանի քաղաքացիական պատասխանատվությունը, ինչը գնահատել է շնորհակալագրով: Փոխնախարար Արա Խզմալյանն էլ պատմական արժեքների հանդեպ նման հոգածությունը օրինակելի է համարում:
Մասնագետները պնդում են, որ, նախնական գնահատականներով, սա Հայկական լեռնաշխարհի, Առաջավոր Ասիայի և Կովկասի հնագույն շրջանի հետազոտության եզակի սկզբնաղբյուր է, որը մարդաբանական նյութի բազմազանությամբ և ծավալով աննախադեպ է:
Դամբարանում պեղված տոհմական, ընտանեկան շատ իրեր նաև այլ տարածաշրջանների հետ առևտրային և տնտեսական կապերի վկայությունն են, որոնց ուսումնասիրությունը նորահայտ շատ իրողություններով կհամալրի պատմական փաստերը, իսկ «շրեշ-մոխրաբլուրյան» դամբարանի ուսումասիրությունը կշարունակվի նաև հաջորդ տարի: