Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացան, որ Երևանի Քրիստափորի փողոցում բնակվող 40-ամյա մի տղամարդ տարբեր անձանց թմրամիջոցներ է իրացնում։
Բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ, նախ հայտնաբերեցին ու բաժին բերման ենթարկեցին մի քանի տղամարդու։
Բերման ենթարկվածներն ու նրանցից մեկի մեքենան խուզարկվեցին։ Հայտնաբերվեցին տարբեր թմրամիջոցների նմանվող զանգվածներ, դեղահաբեր, սպիտակ հեղուկով սրվակ և այլն։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ բերման ենթարկված տղամարդիկ թմրամիջոցները ձեռք են բերել Նոր Նորքի քրեական հետախույզների օպերատիվ տեսադաշտում հայտնված 40-ամյա տղամարդուց։
Նա ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։ 40-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: