Մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու գործընթացում փոփոխություններ են եղել:
Ընդլայնվել է շահառուների շրջանակը, երկարաձգվել են դիմելու ժամկետները:
Արտակ Հարությունյան (ՀՀ ԱՍՀՆ ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետի պարտականությունները կատարող) - Մինչև որոշման ընդունումը շահառու կարող էին հանդիսանալ ՀՀ մանկատան շրջանավարտները միայն, այսինքն՝ այն անձինք, ովքեր ՀՀ մանկատնից դուրս են եկել 18 տարին լրանալու կապակցությամբ:
Փոփոխության շնորհիվ շահառու կարող են դառնալ նաև 18 տարին լրացած մանկատան սաները, որոնք Հայաստանի մանկատանը խնամք և դաստիարակություն են ստացել առնվազն 7 տարի (բացառությամբ կենսաբանական ծնողի ընտանիք վերադարձածների), Հայաստանի մանկատների 2021 թվականի շրջանավարտները:
Շահառուին տրամադրվում է բնակարանի գնման վկայական՝ այս դեպքում 6.3 մլն դրամական արժեքի չափով: Եթե նախկինում շահառուները կարող էին դիմել մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը, ապա հիմա ժամկետը երկարաձգվել է մինչև 2022-ի հուլիսի 1-ը:
Արտակ Հարությունյան - Եթե համապատասխանում է Կառավարության որոշմամբ սահմանված պահանջներին, ապա հարցը, դիմումը ներկայացվում է հանձնաժողովի քննարկմանը, որից հետո կատարվում են արդեն գործողություններ բնակարան գտնելու, շահառուի կողմից նոտարական գրասենյակ այցելելու և կադաստրում համապատասխան գործարքներ կատարելու համար: Սրա համար ժամկետը 2022 թ. դեկտեմբերի 1-ն է: Նախկինում սրա համար ժամկետը 2021 թ. նոյեմբերի 1-ն էր:
2019 թ.-ից մինչև այժմ ծրագրի շնորհիվ բնակարանի գնման իրավունք է ստացել մանկատան 210 սան: Նրանցից 195-ն արդեն գնել են բնակարան: