Նոյեմբերի 29-ին Վիեննայում վերսկսվել են Իրանի միջուկային ծրագրի վերականգնման հարցով բանակցությունները: Դրանց նպատակը 2015 թ. ստորագրված միջուկային համաձայնության վերականգնումն է, որի իրականացումը դադարեցվել էր Դոնալդ Թրամփի որոշմամբ, երբ ԱՄՆ-ը դուրս էր եկել համաձայնագրից:
Բանակցությունների այս փուլին Միացյալ Նահանգներն անմիջական մասնակցություն չունի, սակայն ակտիվորեն ներգրավված է դիվանագիտական խողովակներով:
Նիստի մասնակիցներն ընդհանուր առմամբ դրական են գնահատել հանդիպումը: «Ակնհայտ է, որ կա խնդրով զբաղվելու կամք, բոլոր պատվիրակությունները ցանկանում են հասկանալ Իրանի տեսակետը։ Իրանն էլ է ցանկանում ներգրավվել բանակցություններում և վերականգնել միջուկային համաձայնությունը»,- ասել է Եվրամիության բանագնաց Էնրիկե Մորան:
Վիեննայի հանդիպմանը դրական գնահատական է տվել նաև Իրանի պատվիրակը:
«4+1 խմբի երկրներն ընդունել են Իրանի պահանջը և համաձայնել, որ պետք է ուշադրություն դարձնել ԱՄՆ ապօրինի պատժամիջոցների հարցին: Եվ միայն դրանից հետո է հնարավոր քննարկել մնացած հարցերը»,- ասել է Իրանի բանագնաց Ալի Բաղերին:
ԱՄՆ իշխանությունները, այնուհանդերձ, կարծում են, որ Թեհրանը դեռ պատրաստ չէ լուրջ բանակցությունների։ Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կթուլացնի պատժամիջոցները, եթե Իրանը դադարեցնի ուրանի հարստացումը: Պաշտոնական Թեհրանն էլ, իր հերթին, պնդում է, որ պատրաստ է դա անել՝ Վաշինգտոնի կողմից պատժամիջոցների չեղարկման դեպքում: