ՈՒԺԵՂ ՔԱՄԻՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ. ԿԱՆ ԶՈՀԵՐ ԵՎ ՏՈՒԺԱԾՆԵՐ
Թուրքիայի մի քանի նահանգներ տուժել են սաստիկ քամիների հետևանքով: Ստամբուլում փոթորիկի հետևանքով 6 մարդ է մահացել: Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ ուժգին քամուց պոկված տանիքները վնասվածքներ են հասցրել ևս 40 մարդու:
Թուրքիայի առափնյա պահպանության վարչությունը դադարեցրել է Բոսֆորի նեղուցով նավերի երթևեկությունը, իսկ Turkish Airlines ավիաընկերության մի քանի ինքնաթիռներ փոթորկի պատճառով չեն կարողացել վայրէջք կատարել Ստամբուլում և ուղարկվել են Անկարա և Իզմիր:
Փոթորիկներն ավերածությունների պատճառ են դարձել նաև Բուրսայում, Իզմիրում և այլ քաղաքներում: Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ վատ եղանակը և փոթորիկները կշարունակվեն առաջիկա օրերի ընթացքում:
ՎԵՐՍԿՍՎԵԼ ԵՆ ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Նոյեմբերի 29-ին Վիեննայում վերսկսել են Իրանի միջուկային ծրագրի վերականգնման հարցով բանակցությունները: Նպատակն է վերականգնել 2015 թվականի միջուկային համաձայնությունը, որի իրականացումը դադարեցվել էր Դոնալդ Թրամփի որոշմամբ՝ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու պատճառով:
Վիեննայում վերսկսված բանակցությունների այս փուլին Միացյալ Նահանգներն անմիջական մասնակցություն չունի, սակայն ակտիվորեն ներգրավված է դիվանագիտական խողովակներով:
Նիստի մասնակիցներն ընդհանուր առմամբ դրական են գնահատել հանդիպումը:
«Ակնհայտ է, որ կա խնդրով զբաղվելու կամք, բոլոր պատվիրակությունները ցանկանում են հասկանալ Իրանի տեսակետը։ Իրանն էլ է ցանկանում ներգրավվել բանակցություններում և վերականգնել միջուկային համաձայնությունը»,- ասել է Եվրամիության բանագնաց Էնրիկե Մորան:
Վիեննայի հանդիպմանը դրական գնահատական է տվել նաև Իրանի պատվիրակը:
«4+1 խմբի երկրներն ընդունել են Իրանի պահանջը և համաձայնել, որ պետք է ուշադրություն դարձնել ԱՄՆ ապօրինի պատժամիջոցների հարցին: Եվ միայն դրանից հետո է հնարավոր քննարկել մնացած հարցերը»,- ասել է Իրանի բանագնաց Ալի Բաղերին:
ԱՄՆ իշխանությունները, այնուհանդերձ, կարծում են, որ Թեհրանը դեռ պատրաստ չէ լուրջ բանակցությունների։ Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կթուլացնի պատժամիջոցները, եթե Իրանը դադարեցնի ուրանի հարստացումը: Պաշտոնական Թեհրանն էլ, իր հերթին, պնդում է, որ պատրաստ է դա անելու՝ Վաշինգտոնի կողմից պատժամիջոցների չեղարկման դեպքում:
ԹՈՒՐՔԻԱՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՄԻՋՆՈՐԴ ԴԱՌՆԱԼ ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԿԻԵՎԻ ՄԻՋԵՎ
Թուրքիան հանդես է գալիս հանուն խաղաղության և պատրաստ է միջնորդ դառնալու Մոսկվայի ու Կիևի միջև: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մենք այդ հարցերը բազմիցս քննարկել ենք բարեկամ Ռուսաստանի և, հատկապես, պարոն Պուտինի հետ։ Մենք պատրաստ ենք միջնորդության՝ բանակցություններ վարելով ինչպես Ուկրաինայի, այնպես էլ պարոն Պուտինի հետ»,- նշել է Թուրքիայի նախագահը:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Թուրքիան առաջարկե՞լ է Դոնբասի խնդրի կարգավորման հարցով գագաթնաժողով հրավիրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, նշել է. «Ռուսաստանը Դոնբասի հակամարտության կողմ չէ, և նման գագաթնաժողովում խնդրի լուծման ուղիներ գտնելն անհնար կլինի։ Հակամարտության կողմերից մեկը Կիևն է, մյուսը՝ ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչները»:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՆՈՐ ՇՏԱՄԸ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամով վարակման առաջին դեպքը: Այն հայտնաբերվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունից ճանապարհորդի մոտ: Շոտլանդիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամով վարակման 6 դեպք: Բոլոր դեպքերը գրանցվել են Գլազգոյի շրջակա բնակավայրերում։ Մեծ Բրիտանիայում ընդհանուր առմամբ հայտնի է օմիկրոն շտամով վարակման 9 դեպք: Նոր շտամի տարածման ֆոնին Միացյալ Թագավորության իշխանությունները հայտարարել են, որ նոյեմբերի 30-ից երկիր մուտք գործող անձինք պետք է անցնեն ՊՇՌ հետազոտություն։ Հասարակական տրանսպորտում և խանութներում դիմակների կրումը պարտադիր է դառնում:
Չեխիայում երկուշաբթի պաշտոնապես հաստատվել է օմիկրոնով վարակման առաջին դեպքը։ Վարակակիրը Լիբերեց քաղաքի բնակիչ է, ավելի վաղ այցելել էր Նամիբիա։ Ինչպես հայտնում են բժիշկները, նա պատվաստված է եղել և հիվանդությունը թեթև է տանում։ Նոր շտամով վարակման առաջին դեպքը հայտնաբերվել է նաև Եգիպտոսում՝ Հարավային Աֆրիկայից ժամանած ուղևորի մոտ։
ԱՀԿ փոխանցմամբ՝ նոր շտամը տարածվում է ավելի արագ: Այն ունի մի քանի մուտացիա, որոնք կարող են ազդել, օրինակ՝ վարակի տարածման կամ դրա հարուցած հիվանդության ծանրության վրա: Նոր շտամը դեռևս գտնվում է ուսումնասիրությունների փուլում: