Նախարարությունն իր լիազորության շրջանակում անելու է հնարավորը՝ պաշտպանելու քաղաքացիների առողջությունն ու կյանքը, խորհրդարանում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ արձագանքելով հունվարի 1-ից ուժի մեջ մտնող նոր խստացումները քննադատող անձանց:
Տարեսկզբից հանրային վայրեր մուտք գործելու համար քաղաքացին պետք է ներկայացնի պատվաստված լինելու հավաստագիրը կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխանը: Գործող համակարգը, ըստ առողջապահության նախարարի, թույլ է տալիս խուսափել ավելորդ թղթաբանությունից:
Ավանեսյանի կարծիքով՝ ոստիկանությունն այս հարցում ավելի խիստ մոտեցում պետք է ցուցաբերի:
Առողջապահության նախարարի գնահատմամբ՝ նոր սահմանափակումները չեն հարվածի տնտեսությանը:
«Մեր քաղաքականությունն է՝ կշռադատված և հավասարակշռված մոտեցմամբ զսպելու վարակի տարածումը։ Դրա համար էլ մենք այս միջոցառումը կիրառել ենք ոչ թե 2 ամիս առաջ, երբ Հայաստանում պատվաստվածների թիվը դեռ այդքան մեծ չէր, այլ ժամկետ ենք դրել նույն հունվարի 1-ից, և մեր պատվաստման օրական ցուցանիշներն էլ ցույց են տալիս, որ այն չափով քաղաքացիներ են արդեն իսկ պատվաստվել, որ ինչ-որ լուրջ տնտեսական վնասներ չեն պատճառվի նաև հանրային սննդի օբյեկտներին»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։