ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 2-րդ մասի 1-ին կետով, 267-րդ (Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, ինչպես նաև այդպիսիք պատրաստելու համար օգտագործվող և հատուկ հսկողության տակ գտնվող նյութեր, սարքավորումներ կամ գործիքներ արտադրելու, ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելը) հոդվածի 1-ին մասով, 269.1-րդ հոդվածի (Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր հափշտակելը կամ շորթելը) 2-րդ մասի 2-րդ կետով, 311-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 312-րդ հոդվածի (Կաշառք տալը) 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում կատարված նախնական քննությամբ հիմնավորվել է, որ «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ նարկոլոգը, նախնական համաձայնության գալով նույն կենտրոնի նարկոլոգիական բաժանմունքի բուժքրոջ հետ, խախտելով համապատասխան կանոնները, փաստաթղթեր կեղծելու եղանակով, իրացման նպատակով 2021 թ. ապրիլից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի հաշվեկշռից դուրս է գրել և ապօրինի ձեռք բերել մի քանի տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր և դեղեր, որոնք վաճառել է իր հետ նախնական համաձայնության եկած մի շարք քաղաքացիների։
Բացի այդ, պարզվել է, որ նույն նարկոլոգը, նախնական համաձայնության գալով նարկոլոգիական և հոգեբուժական բաժանմունքի 2 բուժքույրերի հետ, իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս, օժտված լինելով վարչատնտեսական գործառույթներ կատարելու լիազորություններով, 2021 թ. ապրիլից մինչև 2021 թ. հուլիս ժամանակահատվածում մի շարք քաղաքացիներից պահանջել և ստացել է խոշոր չափերով կաշառք: Մասնավորապես՝ ալկոհոլային կախվածության դեմ բուժում իրականացնելու, ալկոհոլային կախվածությունից հանելու և համապատասխան ներարկումներ կատարելու, առանց գրանցելու ալկոհոլային կախվածության դեմ բուժում իրականացնելու, առանց համապատասխան բժշկական ստուգումների և եզրակացության կենտրոնի նարկոլոգիական բաժանմունքի հաշվառումներից հանելու, վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու նպատակով նարկոլոգիական բաժանմունքի հաշվառումներից հանելու համար տարբեր պացիենտներից կամ նրանց հարազատներից պահանջել և ստացել է 5000-ից մինչև 30.000 դրամ կաշառք՝ առանձին դեպքերում մասնաբաժին հատկացնելով բուժքրոջը:
Նախաքննության ընթացքում քաղաքացիների բնակության հասցեներում, բուժկենտրոնի նշված աշխատակիցների բնակության հասցեներում, աշխատասենյակներում կատարվել են խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբեր, նյութեր:
Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ, գործի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նաև նշանակվել է մասնագիտական ստուգում:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի նարկոլոգ Ա. Ս.-ին և նույն կենտրոնի նարկոլոգիական բաժանմունքի բուժքույր Ջ. Ս.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 267-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Իրենց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար կաշառք տված 9 քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր այս գործընթացներում ներգրավված այլ անձանց արարքներին իրավական գնահատականներ տալու, այլոց հնարավոր մասնակցությունը պարզելու նպատակով:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: