Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն
ահազանգ էր ստացել այն մասին, որ նոյեմբերի 18-ին մի քանի քաղաքացի է հոսպիտալացվել «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ:
Համակաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել էր, որ 13 քաղաքացի է հոսպիտալացվել Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում: Պարզվել էր նաև, որ հոսպիտալացված բոլոր անձինք սնվել են «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին պատկանող «Բուրգըրի» (հասցե՝ Ամիրյան 3/37, «Burgery Angus & More») հանրային սննդի կազմակերպությունում:
Նոյեմբերի 20-ին Տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Բուրգըրի» հանրային սննդի օբյեկտում, նմուշառում կատարել պատրաստի սննդամթերքից և հումքից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության:
«Համաձայն փորձաքննության արդյունքների՝ նմուշառված «Հավի մսի խճողակ» և «Տավարի մսի խճողակ» արտադրատեսակներում հայտնաբերվել է սալմոնելա:
Հետագծելիությունն ապահովելու նպատակով՝ նմուշառումներ են իրականացվել նաև նշված արտադրատեսակների հումքից, որոնց լաբորատոր փորձարկումը դեռ ընթացքի մեջ է:
«Բուրգըրի» հանրային սննդի օբյեկտում բոլոր աշխատակիցներն ունեցել են սանիտարական գրքույկներ, որոնցում բժշկական պատշաճ ստուգումների պարբերականությունը պահպանված է եղել»,- հայտնում են տեսչական մարմնից: