Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանի խնամու՝ Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի գործի անջատված մասը՝ երեք տարի տևած նախաքննությունից հետո ուղարկվել է դատարան։
Մանուչարյանը չի ընդունում մեղադրանքը, ըստ որի նա երեք դրվագով չարաշահել է պաշտոնեական լիազորությունները և կատարել պաշտոնեական կեղծիք: Նրա պաշտպան Արման Թամրազյանը, խոսելով մեղադրանքի առաջին դրվագի մասին, նշեց՝ արարքը իրավաբանորեն սխալ է որակվել:
Արման Թամրազյան (Բերդի քաղաքապետի պաշտպան) - Տվյալ դեպքում ըստ նկարագրված մեղադրանքի՝ պաշտոնեական կեղծիքը հանդիսացել է պաշտոնեական դիրքի չարաշահման եղանակ, հետևաբար երկու հոդվածով որակվել չէր կարող:
Ըստ պաշտպանի՝ այդ հոդվածներով քրեական հետապնդումը պետք է դադարեցվեր վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, ինչը վարույթն իրականացնող մարմինը չի արել:
Գործով քննիչ Թունիյանի խոսքով, սակայն, մեղադրյալը՝ 2017 թվականից հանդիսանալով համայնքի ղեկավար, պաշտոնեական դիրքն օգտագործել է համայնքի շահերին հակառակ ու համայնքին պատճառել էական վնաս:
Գևորգ Թունիյան (ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ) - Մինչ քաղաքապետ ընտրվելը՝ 2010-2012 թթ. ընթացքում հանդիսանալով «Հայաստանի էլեկտրական ցանցերի» Բերդի տարածաշրջանի ղեկավար, տեղեկացված լինելով խնամու կողմից Բերդ քաղաքի Գետափնյա փողոցի ½ հասցեի հողամասի ձեռքբերման և հետագայում իր որդուն որոշակի հատվածը փոխանցելու մտադրության մասին, 2010-2012 թթ. ընթացքում նշված հողատարածքում ապօրինի ինքնակամ կառուցել է 106 քառակուսի մետր մակերեսով արդյունաբերական մասնաշենք և 236 քառակուսի մետր մակերեսով պահեստ:
Այնուհետև ըստ մեղադրանքի՝ 2014-2015 թթ. ընթացքում հանդիսանալով Բերդի քաղաքապետ, մտերիմների օժանդակությամբ իր ապօրինի կառուցած մասնաշենքի համար նախատեսված 2 մլն 152 հազար դրամ պետական վճարից խուսափելու նպատակով կատարել է պաշտոնեական կեղծիք ու գրանցել շինությունը:
Գևորգ Թունիյան - Բացի այդ, համայնքի ղեկավարը 2018 թ. փետրվար ամսին տեղեկացված լինելով որդու կողմից Բերդ համայնքում գտնվող հողատարածքում առանց համապատասխան շինթույլտվության շինություն կառուցելու, ինչպես նաև համայնքապատկան հողում շինություն կառուցելու մասին՝ որպես համայնքի ղեկավար անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, չի կասեցրել, չի վերացրել, ինչպես նաև վարչական պատասխանատվության միջոց չի կիրառել որդու նկատմամբ:
Հետագայում, ըստ քննիչի՝ քաղաքապետի որոշմամբ՝ որդու ինքնակամ շինությունը ևս ճանաչել է օրինական և ստացել պետական գրանցում: Այս դրվագի վերաբերյալ էլ պաշտպանը նշում է՝ Մանուչարյանի որդին վարչական պատասխանատվության չի ենթարկվել, քանի որ վաղեմության ժամկետն անցած է եղել:
Արման Թամրազյան - Անուշավան Մանուչարյանը ունի սեփական 1560 քմ հողամաս, և այդ հողամասին սահմանով հենապատ ա կառուցել, հենապատի մի մասը՝ շատ չնչին հատվածը, հայտնվել է համայնքային հողում: Իսկ երբ որ համայնքապետարանը այդ խախտումը հայտնաբերել ա, օրենքի ուժով ամբողջ կառույցը դարձվել ա համայնքի սեփականությունը և ուղղակի վաճառքով վաճառվել Անուշավան Մանուչարյանին:
Բերդ համայնքի ղեկավարին մեղսագրվող երրորդ դրվագն էլ վերաբերում է 51 քմ մակերեսով ինքնակամ շինություն կառուցելուն։ Պաշտպանը նշում է, թե այս գործով միակ ապացույցը մարզպետարանից ստացված գրությունն է, թե շինությունը կառուցելու համար պետք է կատարվեին նախագծային փոփոխություններ։
Գևորգ Թունիյան - Օժտված լինելով նույն լիազորություններով՝ իր և կնոջ անվամբ գրանցված Բերդ համայնքի հողատարածքում առանց նախագծային փոփոխությունների և շինթույլտվության կատարել է ինքնակամ շինություն, որի նկատմամբ նույնպես չարաշահելով իր պարտականությունները՝ որևէ միջոց չի ձեռնարկել խախտումները վերացնելու և վարչական պատասխանատվության իրեն կամ կնոջը ենթարկելու համար:
Այնուհետև, ըստ քննիչի՝ մեղադրյալը նշված շինությունն օրինականացրել է: Հարություն Մանուչարյանը 2012 թ. նոյեմբերից զբաղեցրել է Բերդի քաղաքապետի պաշտոնը, իսկ համայնքների խոշորացումից հետո 2017 թ. ընտրվել է համայնքի ղեկավար:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան