Խմելու ջրի համար հունվարից նոր սակագին կգործի։ Բացառությամբ սոցիալապես անապահով 83 հազար բաժանորդի, մյուս սպառողների ջուրը կթանկանա խմ-ի հաշվով 20 դրամ՝ հայտարարվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում։
Աշոտ Ուլիխանյան (ՀՀ ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ) - Սոցանապահովների համար թողնել անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս սպառողների համար՝ 200,47 դրամ՝ գործող 180 դրամի փոխարեն:
Ուլիխանյանը տեղեկացրեց, որ ջրի գինը կարողացել են 200 դրամի սահմաններում ֆիքսել այն պայմանով, որ առաջիկա 10 տարում «Վեոլիան» կտրուկ բարձրացում չնախաձեռնի։ Եթե մնար նախկին գրաֆիկը, ըստ որի ջուրը մի տարի էլ պետք է թանկանար, 2-3 տարի այդ արժեքը պահպանվեր ու սկսեր էժանանալ, հիմա ստիպված կլինեին սակագինը 40 դրամով ավելացնել։ Իրենց թվերն այլ բան են պնդում՝ հակադարձեցին նիստին մասնակցող ՀԿ-ների ներկայացուցիչները։
Աշոտ Ուլիխանյան - Մեր հաշվարկով՝ ջուրը կարող է լինի՝ տրաքի-պայթի 195 դրամ, բայց ոչ մի դեպքում 200:
Գարեգին Բաղրամյան (ՀԾԿՀ նախագահ) - Բանաձևերով ստացվում է էս հաշվարկը, առնվազն ես կարող եմ կասկածել, որ մաթեմատիկական գիտելիքների խնդիր կա:
Վիճաբանության հաջորդ թեման ջրի կորուստների չափն էր․ հասարակական կազմակերպությունները կասկածի տակ դրեցին մոնիթորինգով հայտնաբերված 2,1 մլն խմ լրացուցիչ քանակը։ Ո՞վ է տեսել մեր ժամանակներում համակարգն աշխատի 75 տոկոս կորուստով։
Աշոտ Միրզոյան («Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ) - Մենակ ես ինքս Հրազդանում, Չարենցավանում, Երևանում հայտնաբերել եմ 173 ձախ ջրագիծ՝ շենքից մինչև պուլպուլակ 10 հատ ջրագիծ կա, ջուրը գնում է մեկի վարսավիրանոց, մեկի արհեստանոց:
Հասարակական կազմակերպությունները նաև դեմ արտահայտվեցին անապահովների սակագնային բեռը մնացած սպառողների վրա դնելու հանձնաժողովի մոտեցմանը։ Պետությունն արտոնություն է սահմանում, թող ինքն էլ ֆինանսավորի՝ ասացին։
Էդվարդ Արզումանյան («Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ էներգետիկ փորձագետ) - Բերեք այնպես անենք, որ եթե կա սակավ ապահով՝ կառավարությունն ու հիմնադրամները վճարեն նրանց համար:
Գարեգին Բաղրամյան - Դա՞ ինչ մոտեցում է, ամբողջ աշխարհում ընդունված մոտեցում է, որ սոցանապահովների խումբ է առանձնացվում ու, այո՛, նրանք պետք է մյուսների հաշվին ծառայություն ստանան:
Տպավորություն եք ստեղծում, թե բնակչության մասին դուք մտածում եք, մենք՝ չէ,՞ զայրացավ Բաղրամյանը։ Քննարկումը եզրափակեց «Վեոլիա ջրի» ղեկավարը։
Խմելու ջրի նոր սակագինը հաստատեց միաձայն։ Հանձնաժողովում նաև հաշվել են, թե միջինում այն որքանո՞վ կավելացնի ընտանիքի կոմունալ ծախսը։
Աշոտ Ուլիխանյան - Միջին սպառողը, որ 15-20 խմ է սպառում, իրա համար բերելու է 300-400 դրամի լրացուցիչ ծախս:
Թանկացման այլ հայտ՝ գազի կամ հոսանքի համար, հանձնաժողովն այս պահին չունի։ Սեփական նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի արժեշղթան ուսումնասիրել։ Եթե պարզվի՝ սակագինը պետք է փոխվի, վերանայումը փետրվարից կլինի։