ՀՀ Կառավարությունը նոյեմբերի 25-ի նիստում դրական եզրակացություն տվեց ««Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:
ԿԳՄՍ-ը հակիրճ ներկայացնում է առաջարկվող ծավալուն փոփոխությունների կարևոր կետերը:
Դպրոցի ընդունելության սկզբունքների փոփոխություններ
Ներկայում գործող օրենսդրությամբ՝ դպրոց ընդունվելիս առաջնահերթություն է տրված տվյալ դպրոցում քույր, եղբայր ունեցողներին և տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին։
Օրենքի փոփոխության առաջարկվող նախագծով՝ դպրոցի ընդունելության ժամանակ առաջնահերթություն կունենան նաև՝
-
տվյալ դպրոցին մոտ բնակվող երեխաները.
-
Հայաստանի Հանրապետության տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով պետական համակարգի՝ այլ բնակավայր տեղափոխված աշխատողների երեխաները. նկատի են առնվում նաև զինվորական ծառայողների ընտանիքները։
Ուսուցչի տարակարգին առնչվող փոփոխություններ
«Հանրակրթության օրենքի» փոփոխության նախագծով փոխվում է տարակարգի սահմանումը՝ որպես ուսուցչի մասնագիտական չափորոշչին համապատասխանող որակավորման աստիճան։ Դրանից բխում են տարակարգի համար պահանջվող բնութագրիչների փոփոխությունները։ Նոր բնութագրիչները պետք է համահունչ լինեն տվյալ մասնագիտական չափորոշչին կամ ստանդարտին, որը նոր հասկացություն է, նախկինում չի եղել:
Նոր նախագծով առաջարկվում է՝
-
ներդնել ուսուցչի մասնագիտական չափորոշիչների համակարգ, որը թույլ է տալիս ուսուցչին սկսնակից մինչև փորձառու կամ վերապատրաստող ուսուցչի մակարդակին հասնել ավելի կարճ ժամկետում` յուրաքանչյուր մակարդակի համար ստանալով համապատասխան դրույքաչափով վարձատրություն։ Այսպիսով` պետությունը ձևավորում է ուսուցիչների աշխատանքային առաջխաղացման մեխանիզմ.
-
հանվում է տարակարգերին դիմելու հերթակայման սկզբունքը։ Եթե որևէ ուսուցիչ կհամապատասխանի միանգամից երրորդ կամ չորրորդ տարակարգի համար սահմանված պահանջներին, ապա կկարողանա դիմել միանգամից տվյալ աստիճանի տարակարգի համար։ Ի տարբերություն այժմյան օրենսդրության` չի լինելու ժամկետային սահմանափակում, թե նախորդ աստիճանի տարակարգ ստանալուց հետո երբ կարելի է դիմել հաջորդ աստիճանին.
-
հանվում է այլ ուսումնական հաստատություն տեղափոխվելու դեպքում տարակարգի իրավունքը կորցնելու դրույթը։ Դպրոցից դպրոց տեղափոխվելիս ուսուցչի որակավորման տարակարգը կպահպանվի, քանի որ այն բնութագրում է ուսուցչի մասնագիտական որակները և ոչ թե հաստատությունը.
-
հստակեցվել է, որ ոչ պետական հաստատությունների ուսուցիչները նույնպես կարող են մասնակցել տարակարգի շնորհման պետական գործընթացին՝ հիմնադրի ֆինանսական միջոցների հաշվին։
Ներառականության կարգավորումների փոփոխություններ
«Հանրակրթության օրենքի» առաջարկվող նախագծով էապես փոխվում են կրթության առանձնահատուկ պայմաններին ուղղված քաղաքականությունն ու ներառական կրթության կարգավորումները։
-
«Կրթության առանձնահատուկ պայմանների» համար տրվում է հետևյալ սահմանումը. «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ է խոսքի և լեզվի, հաղորդակցման, լսողության, տեսողության, ինտելեկտի (մտավոր), հուզական, վարքի, շարժունակության և այլ խնդիրներով պայմանավորված՝ ուսուցման հետ կապված դժվարություններ ունեցող անձը, որի կողմից հանրակրթական հիմնական ծրագրերը յուրացվելու համար անհրաժեշտ են կրթության առանձնահատուկ պայմաններ՝ ներառյալ խելամիտ հարմարեցումներ».
-
սրանով ֆունկցիաների խանգարման գործող մոտեցումից անցում է կատարվում դեպի երեխայի կրթության կազմակերպման միջավայր՝ կախված տարբեր գործոններից։ Հատկապես կարևոր է լեզվի, հաղորդակցման, հուզական և վարքի բաղադրիչների ներմուծումը, որը հնարավորություն կընձեռի հավելյալ աջակցություն տրամադրելու երեխային, օրինակ՝ երբ կա լեզվական խնդիր, երբ առկա է հոգեբանական աջակցության կարիք և այլն.
-
«հատուկ դպրոցի» սահմանումից հանվել է «հակասոցիալական վարք դրսևորող» արտահայտությունը, ինչը նշանակում է, որ հակասոցիալական վարք դրսևորող երեխաների համար չի նախատեսվում հատուկ դպրոց ունենալ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը հնարավոր է միայն ծնողի դիմումի հիման վրա, իսկ իրականության մեջ հանդիպում են ծնողներ, որոնք խուսափում են երեխայի կարիքի գնահատում անելուց, ավելացվել է նոր կարգավորում: Ըստ այդմ` հնարավոր կլինի կարիքի գնահատում իրականացնել նաև խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշմամբ, որը թույլ կտա կանխել երեխաների առկա խնդիրների խորացումը և միջամտություն ապահովել ավելի վաղ փուլում.
-
«ֆինանսավորման բարձրացված չափաքանակ» մոտեցումը փոխարինվում է առավել բովանդակային և հասցեական մոտեցմամբ, մասնավորապես՝ ամրագրվում է, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից տրամադրվում է նպատակային ֆինանսավորում.
-
հստակեցվել են նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, ՏՄԱԿ-ների գործառույթները։ Սահմանվել է ծրագրային ապահովման և տեղեկատվական շտեմարանի ներդրման պահանջը։
Դասագրքերի փոփոխության մասին
«Հանրակրթության մասին» օրենքի նախագծով տրվում են նաև մի շարք կարևոր հասկացությունների սահմանում: Մասնավորապես տրվում է դասագրքի հասկացությունը, որը մինչ այժմ օրենսդրությամբ սահմանված չէր։ Ըստ նախագծի` դասագիրքը հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան՝ տվյալ հանրակրթական առարկայի կամ դրա մի մասի հիմնական բովանդակությամբ թղթային կամ էլեկտրոնային գիրքն է։ Այսպիսով` իրավական հիմք է ստեղծվում էլեկտրոնային դասագրքերի համար, որոնց զուգահեռ ներդրումը թղթային դասագրքերի հետ մեկտեղ նախատեսվում է իրագործել դասագրքերի ապահովման նոր կարգով։