ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 30-ին Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ գումարել է հերթական նիստը: Հանձնաժողովը քննարկել է ««ՀՀ աշխատանքային օրենսգրքում» լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշել է, որ փոփոխությունները միտված են աշխատողների առողջ և անվտանգ աշխատանքային միջավայր ապահովելուն: Ըստ նրա՝ գործատուն իրավունք է ստանում աշխատակցին չթույլատրել ներկայանալու աշխատանքի վայր, եթե վերջինս չի ներկայացնում կամ պատվաստման, կամ ՊՇՌ թեստավորման մասին տեղեկանքները:
Աշխատանքի ներկայանալ չթույլատրելու հետևանքով ավելի քան 10 աշխատանքային օր (հերթափոխ) անընդմեջ կամ վերջին երեք ամսվա ընթացքում ավելի քան 20 աշխատանքային օր (հերթափոխ) աշխատողի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում գործատուն իրավունք է ստանում լուծել աշխատանքային պայմանագիրը:
Կարգավորումները տարածվելու են հանրային ծառայությունն ընդգրկող պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոնների վրա: Կան նաև բացառություններ:
Օրինագծի վերաբերյալ հնչել են տարբեր տեսակետներ: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների կարծիքով՝ փոփոխությունները կրում են պատժիչ բնույթ, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները գտնում են, որ դրանք կարգավորող բնույթի են:
Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, կարևորելով նախագծի ընդունման անհրաժեշտությունը, նշել է, որ պետությունը քաղաքացիներին տալիս է երկու հնարավորություն՝ կամ անվճար պատվաստվել, կամ վճարովի թեստ հանձնել: Օրինագիծը կարգավորումներ է սահմանում այն դեպքերի համար, երբ աշխատողը ո՛չ պատվաստվել է և ո՛չ էլ թեստ է հանձնել: