Նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ Վլադիմիր Կասյանի և Արթուր Հարությունյանի նախագահությամբ:
Օրակարգում «ԱՀ 2022 թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծում նախատեսված արդյունաբերության, քաղաքաշինության, կադաստրի և պետական գույքի կառավարման, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի, էներգետիկ համակարգի, բնապահպանության և բնական ռեսուրսների, խմելու և ոռոգման ջրի ոլորտի ֆինանսավորման հարցերն էին:
Գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանը, ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտի 2022 թ. ծախսերը, նշել է, որ այն կկազմի 5 մլրդ 738 մլն 500 հազար դրամ, ինչը 2021 թ.՝ 9 մլրդ 293 մլն 088,7 հազար դրամի համեմատ նվազել է 3 մլրդ 554 մլն 588,7 հազար դրամով:
Մանրամասնելով ծրագրային հատկացումները՝ նախարարը ներկայացրել է 20 ծրագրի իրականացման շրջանակ։ Արմեն Թովմասյանը պատասխանել է պատգամավորների հնչեցրած՝ փոխհատուցվող սերմացուների ցանկին, սահմանային վարելահողերի անվտանգությանը, արոտավայրերի նվազմանը, տոհմային կենդանիների ներկրմանը, կարկտացանցերի կիրառմանը և ոլորտին առնչվող այլ հարցերի:
2022 թ. բյուջեով, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի խոսքով, կապիտալ ծախսերի համար նախատեսված է 30 մլրդ դրամ, որը կուղղվի կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրի գերակա բնագավառներին՝ բնակարանաշինությանը, կրթությանը, ճանապարհաշինությանը, մշակույթին և սպորտին, ԱՀ բնակավայրերում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին, ԱՀ բնակավայրերում ջեռուցման համակարգերի վերակառուցմանը և ԱՀ էներգետիկ համակարգերի արդիականացմանը։ Արամ Սարգսյանը պարզաբանումներ է տվել պատգամավորների՝ Ստեփանակերտի որոշ փողոցների ասֆալտապատմանը, ապաստարանների կառուցմանը, միջգյուղական ավտոճանապարհների բարեկարգմանը, բնակարանաշինությանը, տեղահանվածների բնակարանաշինության հայտարարված վերջնաժամկետին, հրետակոծությունից տուժած բնակարանների վերանորոգման աշխատանքներին վերաբերող հարցերին:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2022 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 19մ լրդ 577 մլն 460 հազար դրամ։ Նախարար Հայկ Խանումյանը մանրամասն ներկայացրել է հիմնական ծրագրային ուղղությունները և պատասխանել փոքր էլեկտրակայանների կառուցմանը, բջջային և ինտերնետ կապի ծառայությունների բարելավմանը, ավտոբուսային պարկի թարմացմանը, ՇՏՀ-ին կից լաբորատորիայի գործարկմանը և արտադրանքի իրացմանը, ինչպես նաև ոլորտում առկա այլ խնդիրների վերաբերյալ պատգամավորների առաջադրած հարցերին:
Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի 2022 թ պետական բյուջեի ծախսերը կազմել են 606 մլն 555 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 78 մլն 378,8 հազար դրամով։ Կոմիտեի նախագահ Ս․ Գալստյանը պատասխանել է տեղահանված քաղաքացիների շարժական գույքի և տեղահանված բնակիչների չգրանցված գույքի փոխհատուցմանը կամ ֆինանսավորմանը վերաբերող հարցերին։
Մշտական հանձնաժողովների համատեղ նիստը այնուհետև շարունակվել է ընդմիջումից հետո։
Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Ա․ Մանգասարյանի փոխանցմամբ՝ 2022 թ․ բյուջեով նախատեսված է 15 մլրդ 819 մլն 800,0 հազար դրամ, որից 12 մլրդ 985 հազար դրամը ուղղվելու է բնակարանային ապահովման ծրագրին, 2 մլրդ 5 մլն դրամը՝ բնակտարածքները գույքով և կենցաղային տեխնիկայով ապահովման ծրագրին, 334 մլն 800 հազար դրամը՝ բնակարան վարձելու կամ ժամանակավոր կացարանով ապահովման նպատակով ֆինանսական օգնության տրամադրման ծրագրին։
Կոմիտեի նախագահը պատասխանել է 1988-1992 թթ. ԼՂՀ բռնագաղթած անձանց բնակարաններով ապահովելու, առաջարկվող ծրագրի սահմաններում բնակարանների տրամադրման սկզբունքների, բազմազավակ ընտանիքներին տրամադրվող բնակարանների արժողության և ոլորտին առնչվող այլ հարցերի։
ԱՀ ջրային կոմիտեի նախագահ Գ․ Հայրիյանը, ներկայացնելով ոլորտի ծրագրերը, նշել է, որ 2022 թ․ բյուջեով նախատեսվում է տրամադրել 8 մլրդ 840 մլն դրամ, որի մեծ մասը՝ 8 մլրդ դրամը, ուղղվելու է ջրային համակարգերի կառուցման, վերանորոգման, վերակառուցման և պահպանման ծրագրի աշխատանքներին։ Պատգամավորների բարձրացրած հարցերը Պատարա-Ստեփանակերտ նոր ջրագծի կառուցման ու ջրասնուցման աշխարհագրության, նոր ջրագծերի կառուցման և առկա համակարգի բարելավման, ջրապաշարի բավարարվածության վերաբերյալ էին։
Բնապահպանության կոմիտեի նախագահի տեղակալ Ա․ Գաբրիելյանը նշել է, որ համակարգի բնականոն աշխատանքի կազմակերպման համար ոլորտի ծախսերը 2022 թ․ պետական բյուջեով կազմել են 211 մլն 79 հազար դրամ։
Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի ծախսերը, հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանի տեղեկացմամբ, 2022 թ. բյուջեն կազմում է 240,1 մլն դրամ։ Ըստ կանխատեսումների՝ 2022 թ․ կարգավորող ընկերությունների կողմից ԱՀ պետական բյուջե կմուտքագրվի շուրջ 346,1 մլն դրամ։
Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի նախագահ Հրանտ Սաֆարյանի փոխանցմամբ՝ հիմնադրամին պետական բյուջեից այս տարի տրամադրվելու է 1 մլրդ 316 մլն դրամ։ Պահպանման ծախսերը կազմելու են 380 մլն դրամ։
Հիմնական ծախսերը ուղղվելու են առևտրային բանկերի կողմից գյուղատնտեսական ծրագրերի համար տրամադրվող վարկերի տոկոսների մասնակի սուբսիդավորմանը և առևտրային բանկերից և այլ ֆինանսական կազմակերպություններից ստացված վարկերի սպասարկմանը: Հիմնադրամի նախագահը պարզաբանումներ է տվել ոլորտին առնչվող հարցերին:
Արցախի ներդրումային հիմնադրամի 2022 թ. ծախսերը ներկայացրել է Արցախի ներդրումային հիմնադրամի նախագահի տեղակալ Մհեր Մխիթարյանը: Ըստ ներկայացրած տվյալների՝ 2022 թ. պետական բյուջեի նախագծով «Աջակցություն Արցախի ներդրումային հիմնադրամին» ծրագրի շրջանակներում նախատեսվում է 4.0 մլրդ դրամ։ Հիմնադրամի նախագահի տեղակալը պատասխանել է վարկավորման նոր ծրագրերին վերաբերող հարցին։
Նիստին ներկա էին Արցախի ԱԺ նախագահ Ա․ Թովմասյանը, նախագահի տեղակալ Գ․ Բաղունցը, պատգամավորներ, ֆինանսների նախարարի տեղակալ Ն․ Ավանեսյանը։