Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկատարի հայկական արմատներով երգահան, ռոք երաժիշտ, ռեժիսոր, Անաստաս Միկոյանի թոռան՝ Ստաս Նամինի ստեղծագործությունները։ Համերգը նվիրված է արվեստագետի 70-ամյակին։
Ներկայացվելու են նրա Centuria S-Quark սիմֆոնիան, «Աշունը Սանկտ Պետերբուրգում» սյուիտը և hատված «Արատներ և սեր» բալետից։ Դիրիժորը Էդուարդ Թոփչյանն է։
Էդուարդ Թոփչյան (ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար, դիրիժոր) - Բազմատաղանդ մարդ, որը ռուսական ռոքի հիմնադիրներից է, կոմպոզիտոր է, սիմֆոնիկ նվագախմբի համար է ստեղծագործում։ Նրա ստեղծագործությունները այնպիսի նվագախմբեր են կատարում, ինչպիսիք «Կոնցերտ գեբա օրկեստրը»։
Երգահանը անձամբ է հետևում փորձին։
Ստաս Նամին (կոմպոզիտոր, ռեժիսոր, նկարիչ) - Ինձ շատ դուր եկավ՝ ինչպես է կատարում նվագախումբը։ Հրաշալի է հնչում, ռիթմիկ, գործիքավորողները հիասքանչ են։ Դիրիժորի մասին չեմ խոսում։ Նա Օհան Դուրյանի աշակերտն է։
Սյուիտը վաղուց է գրել։ Կարծում է, որ այն ավելի ռոմանտիկ գործ է։ Հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի խորհրդով՝ ստեղծել է սիմֆոնիան։ Այն համարում է ավելի փիլիսոփայական։ Իր խոսքով՝ այդ գործերը ցույց են տալիս կյանքի երկու տարբեր մոտեցումները։
Ստաս Նամին - Ինձ համար մեծ պատիվ է, որ այստեղ հնչեն իմ ստեղծագործությունները, որովհետև ամբողջովին այլ զգացողություն է։ Աշխարհի տարբեր երկրներում են կատարել իմ աշխատանքները, բայց Հայաստանում ես ինձ այլ կերպ եմ զգում։ Լսում եմ իմ սեփական երաժշտությունը ամբողջովին այլ կողմից՝ ավելի խոր, քան որևէ այլ վայրում։
Դիրիժոր Թոփչյանը հավելում է՝ սիմֆոնիան մարդկանց գոյության մասին է։
Էդուարդ Թոփչյան - Նոր գործ է։ 4 տարի առաջ է գրվել, արդեն ձայնագրված է, փիլիսոփայական հիմք ունի իր մեջ։ Իր մտորումներն է, փիլիսոփայական ստեղծագործություն է, 46 րոպե, կարծես մարդու միտքը աշխատի։
Թոփչյանի հետ Նամինին ծանոթացրել է իր վաղեմի ընկերը։
Վահան Վարդապետյան (բժիշկ, մտավորական, հասարակական գործիչ) - Ստաս Նամինը արդեն առաջին ռիթմերից մեր ֆիլհարմոնիկով հիացած էր։ Մի հետաքրքիր զուգադիպություն էլ։ Մեր հանճարեղ Օհան Դուրյանի հետ ևս եմ ծանոթացրել Ստաս Նամինին, և կարողացանք միասին մոսկովյան հաղթարշավը իրականացնել։
Նամինին անվանում են սովետական ռոք երաժշտության հիմնադիրներից մեկը։ Նա ստեղծել է «Ծաղիկներ» խումբը։ Հեղինակ է շատ հիթերի, նաև նկարում է, լուսանկարում։ Նրա ղեկավարությամբ Մոսկվայում հիմնադրվել է Երաժշտության և դրամայի թատրոնը։
Վահան Վարդապետյան - Ստաս Նամինին կարելի է համարել մշակութային հեղափոխության առաջնորդը։ Այս օրերին Ռուսաստանում մշակութային գործիչները անվանում են հեղափոխական գործիչ։ Դուք բացեցիք օդանցք դեպի եվրոպական և արևմտյան մշակույթ։
Ստաս Նամին - Կարծում եմ՝ եթե ինչ-որ բան անել անկեղծ և խալտուրա չանել, քանի որ նաև շատ աշխատանք է, բացի տաղանդից, պետք է ինչ-որ բան ստացվի։ Ընդհանրապես ոչ տաղանդավոր մարդիկ չկան, պարզապես բոլորը չեն զբաղվում իրենց տաղանդով։
Ասում է՝ կյանքի ընթացքում այդքան գործ հասցնելու համար գաղտնիքներ չունի։
Հեղինակ՝ Անի Ավագյան