Նոյեմբերի 30-ին ուսումնական թռիչքներ կատարելիս վթարի է ենթարկվել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ռազմական ուղղաթիռ: Ըստ ծառայության՝ վթարի արդյունքում մահացել է 14 սպա, վիրավորվել՝ 2-ը: Զոհվածների մեջ են՝ գնդապետ, փոխգնդապետ, 5 մայոր, 4 կապիտան, ավագ լեյտենանտ, լեյտենանտ և տեխնիկական աշխատող:
*****
«Ֆրանսիան պետք է արժանի լինի այն հույսերին, որոնք արթնացել են հայերի սրտում: Մենք պետք է սատարենք հայ ժողովրդին՝ ընդդեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի»,- ասված է Ֆրանսիայի սենատի թվիթերյան գրառման մեջ: Սենատի թվիթերյան էջում հրապարակվել է նաև տեսանյութ՝ նախորդ շաբաթ Ֆրանսիայի սենատում նախորդ շաբաթ կայացած «Հայաստանը մեկ տարի անց» խորագրով համաժողովից, որի շրջանակում ֆրանսիացի օրենսդիրներն անդրադարձել են հայ-ֆրանսիական բարեկամությանը, Արցախի խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտությանը, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական սադրանքներին:
*****
ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինն ափսոսանք է հայտնել, որ Վրաստանը հրաժարվել է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափին մասնակցելուց։ «Պատրաստ ենք քննարկել բոլոր խնդրահարույց հարցերը և փնտրել միավորող թեմաներ, մեկտեղել շահերը տնտեսական, հումանիտար ոլորտներում՝ չնայած առկա բոլոր հակասություններին»,- նշել է Կարասինը: Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն նշել էր, որ «3+3» ձևաչափում Վրաստանի տեղը կպահպանվի այնքան ժամանակ, մինչև Թբիլիսին պատրաստակամություն հայտնի մասնակցելու նման քննարկումների:
*****
Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանն անդրադարձել է պաշտոնական Պեկինը՝ ողջունելով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու Ռուսաստանի ջանքերը: Այս մասին հայտնել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը Չինաստանի համար բարեկամ և գործընկեր երկրներ են: «Չինաստանը հույս ունի, որ երկու կողմերն ընդառաջ կգնան միմյանց, տարաձայնությունները կկարգավորեն երկխոսության և խորհրդակցությունների միջոցով և միասին կաջակցեն տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը»,- ընդգծել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:
*****
Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը, անդրադառնալով Աշխաբադում Էբրահիմ Ռայիսիի ու Իլհամ Ալիևի հանդիպմանը, Ինստագրամում գրել է. «Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Իրանի և Ադրբեջանի նախագահները դրական և բարեկամական հանդիպում են ունեցել»։ Նրա խոսքով՝ երկու երկրները և ժողովուրդները ավելին են, քան հարևանները: «Մեր մտահոգությունների վերաբերյալ Ադրբեջանի նախագահը հուսադրող խոսքեր ասաց և ընդգծեց, որ ըստ դրա էլ կգործեն»,- ընդգծել է Աբդոլահիանը՝ հավելելով, որ Ռայիսի-Ալիև հանդիպումից մեկ օր առաջ քաղաքական, դիվանագիտական և անվտանգային մակարդակներով կարևոր խորհրդակցություններ են անցկացվել։