ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն է տվել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին:
Ըստ որի՝ լրատվամիջոցները չեն ազատվում պատասխանատվությունից չնույնականացված աղբյուրներին հղում կատարելիս. օրենքը սահմանում է այն տվյալները, որոնք պետք է ներկայացնեն լրատվամիջոցները: Հարակից զեկուցող արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը դրական է գնահատել փաթեթի լրամշակված տարբերակը՝ նշելով, որ դրանում չկա որևէ դրույթ, որը կարող է դեմ լինել ժողովրդավարական արժեքներին կամ կարող է ուղղված լինել բարեխիղճ լրատվամիջոցների դեմ:
«Հայաստան» դաշինքը նախագծի հետ կապված երկու առաջարկ էր արել, սակայն չի ընդունվել այն: Խմբակցության պատգամավորներն էլ դեմ են քվեարկել նախագծին, նաև չեն հիմնավորել, թե ինչու են մերժում նախագիծը:
Էլինար Վարդանյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Ըստ էության, մենք պայքարում ենք ոչ թե ֆեյքերի դեմ, այլ պայքարում ենք լրատվամիջոցների դեմ, այսինքն՝ ասում ենք՝ լրատվամիջոցներ, չենք կարողանում այս հարցը լուծել, ձեր միջոցով ենք փորձում հարցը լուծել: Ես մնում եմ իմ տեսակետին, որ օրենքի լրացումները և փոփոխությունները ազատ խոսքի սահմանափակմանն են ուղղված:
Արթուր Հովհաննիսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար) - Այս նախագիծը որևէ կերպ չի խախտում լրագրողական գործունեության որևէ ազատություն և նպաստելու է բարեխիճ լրատվամիջոցների արդյունավետ աշխատանքին։
Կարեն Անդրեասյան (ՀՀ արդարադատության նախարար) - Նախագիծն այս տեսքով խոսքի ազատությանը վտանգ չի ներկայացնում, ԶԼՄ գործունեությունը ոչ թե վտանգում է, այլ նույնիսկ աջակցում է, որպեսզի հավաստի աղբյուրներից և հավաստի տեղեկատվության վրա հենվելով իրականացնեն իրենց շատ կարևոր գործունեությունը: Ինչպես նաև ուզում եմ տեղյակ պահել, որ մեր ներկայացուցիչները մասնակցել են «Հայաստան» դաշինքի նախաձեռնած հանդիպումներին, ընդ որում՝ և այս օրենքի և դաշտի կարգավորման իմաստով բավական օգտակար են եղել մեզ համար, մենք ուշադրությամբ դուրս ենք բերել այն դիտարկումները: