«Սև ուրբաթը» ակտիվ աշխատանքային էր նաև տեսչական մարմինների համար: Հաշվի առնելով մարդկանց հոսքը խոշոր խանութներ՝ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն է՛լ ավելի ակտիվացրեց այցերը խանութներ:
Վարդգես Ռուբենյան (ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի մասնագետ) - Եղել են տեղեր, որտեղ արձանագրություններ են կազմվել տնտեսվարողների մոտ՝ կապված հոսքի հետ, քաղաքացիների դիմակ չկրելու հետ:
Այսօրվա ստուգայցի համար ևս ընտրվել էր Երևանի բանուկ հատվածներից մեկը: Դավիթ Անհաղթի փողոցում շինանյութի, սանտեխնիկայի ու կենցաղային իրերի խոշոր խանութներ կան, այստեղ օրվա տարբեր ժամերի սովորաբար մարդաշատ է լինում: Առանց դիմակի հաճախորդներին դիմավորում են հենց մուտքի մոտ:
Դիմակների խնդիր ունեք՝ հաճախորդների հետ կապված: Լինում ա դեպքեր, բայց ըմբռնումով են մոտենում: Անհրաժեշտության դեպքում տրամադրում ենք: Լինում ա՝ մարդը մոռացած ա լինում մեքենայի մեջ, տեղում խնդիրը լուծում ենք:
Տեսչական մարմնի աշխատողներին հետաքրքրում են գրանցամատյանները, որտեղ արձանագրված են աշխատողների հաճախելիությունը, ինչպես նաև պատվաստվածների, թեստավորվածների և հակացուցման փաստաթուղթ ունեցողների տվյալները:
Այս խանութում 25 աշխատող է գրանցված: Մեծ մասը պատվաստված է:
Հրաչյա Սարգսյան (խանութ-սրահի տնօրեն) - Անձնակազմի մոտ 85 տոկոսը պատվաստված է:
Սկզբում պատվաստված աշխատողների թիվը փոքր էր՝ մինչև 30 տոկոս, ասում է սրահի տնօրենը, սակայն պատվաստվողների թիվն ավելացել է վերջին մեկ ամսում: