Ռիգայում կայանալիք՝ ՆԱՏՕ-ի արտգործնախարարների նիստին ընդառաջ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է հրապարակել, որում ընդգծել է ԱՄՆ առաջնահերթությունները:
Հայտարարության մեջ առանձին անդրադարձ կա ՆԱՏՕ-ին Վրաստանի և Ուկրաինայի հնարավոր անդամակցությանը:
«Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել ՆԱՏՕ-ի 2008 թ. Բուխարեստի գագաթնաժողովի հռչակագրի որոշմանը (որը քանիցս վերահաստատվել է, այդ թվում՝ 2021 թ. հունիսին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում) այն մասին, որ Վրաստանն ու Ուկրաինան պետք է դառնան ՆԱՏՕ-ի անդամներ: Այդ երկրների ամենամյա ազգային ծրագրերը մանրամասն նկարագրում են անդամակցության իրենց ճանապարհը»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Վրաստանը և Ուկրաինան Ընդլայնված հնարավորությունների գործընկերության անդամ են, ինչը բարձրացնում է ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ նրանց փոխգործակցության հնարավորությունները:
«ՆԱՏՕ-ի առաջնորդները հավատարիմ են ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը, որն անդամակցության ճանապարհ է հարթում եվրոպական ցանկացած երկրի համար, որը կիսում է մեր արժեքները և կատարում է անհրաժեշտ պարտականություններն ու պարտավորությունները»,- նշված է հայտարարության մեջ: