ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն օրեր առաջ Աշխաբադում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում, անդրադարձել են Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքներին։
«Կարծում եմ, որ պարոն Ալիևը եռակողմ բանակցությունների ժամանակ հնարավորություն ուներ իր տեսակետը հստակ ձևակերպել։ Թե ինչ են պարոն Էրդողանի հետ հասկանում «միջանցք» հասկացության տակ, մեր վարչապետը ՀՀ շահերից բխող տեսակետը ներկայացրել է, կոմունիկացիաների մասին է խոսքը։ «Միջանցքը» այլ հասկացություն է։ Այդպիսի օրակարգ, ինքներդ նկատեցիք՝ չկար»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը։
Նա անդրադարձել է նաև Սյունիքի Իշխանասարի հատվածից ադրբեջանական զինուժի հետ քաշվելու լուրերին՝ առաջարկելով այս հարցը թողնել զինվորականներին, որ նրանք կառավարեն իրավիճակը:
Քոչարյանը շեշտել է՝ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից։
«Ադրբեջանցիները մեր ինքնիշխան տարածքից պետք է դուրս գան, ինչքան շուտ, այնքան լավ: ՀՀ ինքնիշխան տարածքում օտար զինված ուժեր չեն կարող լինել»,- ընդգծել է Անդրանիկ Քոչարյանը։