Շոտլանդիայի կառավարությունը 2022 թ. պաշտոնապես կսկսի նախապատրաստվել անկախության հարցով երկրորդ հանրաքվեին՝ այն մինչև 2023 թ. վերջն անցկացնելու նպատակով: Այդ մասին հայտարարել է Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդ, Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը, փոխանցում է BBC-ն:
«Հաջորդ տարվա ընթացքում ես կնախաձեռնեմ մինչև 2023 թ. վերջը հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ գործընթացը»,- նշել է նա:
Սթերջենի խոսքով՝ հանրաքվեի աջակցության մոբիլիզացման արշավը կվերսկսվի 2022 թ., եթե կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը չխոչընդոտի դրան: «Եթե Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ինչ-որ չափով հարգում է ժողովրդավարությունը, ապա նա Շոտլանդիայի ժողովրդին թույլ կտա որոշել՝ ինչ պետք է անել հետագայում»,- նշել է Սթերջենը:
Անկախության հարցով նախորդ հանրաքվեն Շոտլանդիայում անցկացվել էր 2014 թ.: Քվեարկության մասնակիցների 55%-ը դեմ էր արտահայտվել անկախությանը: Սակայն ի տարբերություն ընդհանուր առմամբ Միացյալ Թագավորության՝ Շոտլանդիան դեմ էր արտահայտվել Brexit-ին՝ ցանկանալով մնալ Եվրամիության կազմում, ինչը Շոտլանդիայի ազգային կուսակցությանը հնարավորություն էր տվել առաջ տանել նոր հանրաքվեի գաղափարը: