Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը մեծ նշանակություն կարող է ունենալ արտաքին շուկաների հետ Հայաստանի Հանրապետության տրանսպորտային կապվածությունը բարձրացնելու համար: Այդ մասին նշված է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) «Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցք. Եվրասիայի տրանսպորտային հիմքի ստեղծումը» զեկույցում:
Ըստ զեկույցի՝ Հյուսիս-հարավ ավտոճանապարհային միջանցքը, որն այժմ շինարարության ավարտական փուլում է և պետք է Հայաստանը կապի Իրանի հետ, կարող է լրացվել Քվեշեթ-Կոբի նոր՝ 23 կմ-անոց հատվածով, այդ թվում՝ Վրաստանի տարածքում 10-կիլոմետրանոց թունելով:
«Վերին Լարս անցակետի ռուս-վրացական ավտոմոբիլային կետ տանող ճանապարհին փոխարինող ուղու կարգավիճակում թունելը Հայաստանի Հանրապետության համար տրանսպորտային-հաղորդակցական հնարավորությունների զարգացման և արտաքին շուկաներում նրա ապրանքների հասանելիության համար կբացի նոր հեռանկարներ։ Հայաստանը կարող է կարևոր տարանցիկ հանգույց դառնալ՝ Հյուսիս-հարավ ճանապարհին միանալու շնորհիվ: Հնդկաստանն ու Իրանն ակտիվորեն աջակցում են այդ նախաձեռնությանը»,- ասված է փաստաթղթում:
Նշվում է, որ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի գործարկումը ռազմավարական նշանակություն ունի Իրանի և Հնդկաստանի համար։ Դեռևս 2021 թ. մարտին Իրանում Հնդկաստանի դեսպանն ասել էր, որ Հայաստանի միացումը Հյուսիս-հարավ նախագծին կարող է իրականացվել իրանական Չաբահար նավահանգստի միջոցով: Ներկայում Ռուսաստանի հետ Իրանի հիմնական ապրանքաշրջանառությունն իրականացվում է Ադրբեջանի տարածքով, իսկ արտահանումը Եվրոպա՝ Թուրքիայով: Հայաստանի միջոցով Իրանը կարող է դիվերսիֆիկացնել բեռների մատակարարման երթուղիները։
Իսկ Հնդկաստանը Հյուսիս-հարավի միջոցով կարող է կարճ ճանապարհ ստանալ դեպի Վրաստան, Սևծովյան ափի նավահանգիստներ և դեպի ԵԱՏՄ շուկա:
Զեկույցում նշվում է, որ Հյուսիս-հարավ նախագծի զարգացումը բխում է Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների, այդ թվում՝ Հայաստանի շահերից: Նշվում է, որ Հայաստանի միացումը միջազգային տրանսպորտային միջանցքին հնարավոր կլինի միայն Հյուսիս-հարավ ազգային ավտոմոբիլային մայրուղու հատվածի շինարարության դեպքում, ինչը թույլ կտա կրճատել հեռավորությունը Վրաստանի սահմանից մինչև Իրանի սահման: