ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանեց «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները: 2022 թ. համար սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 200,47 դրամ:
2021 թ. օգոստոսի 9-ին «Վեոլիա ջուր» ընկերությունը հանձնաժողով է ներկայացրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2022 թ. սակագների վերանայման (ճշգրտման) հայտ: Հանձնաժողովը ծառայությունների սակագների հաշվարկներում ներառվող մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների ճշգրտման նպատակով Հայաստանի Հանրապետության ջրային կոմիտեի, «Վեոլիա ջուր» ընկերության և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ 2021 թ. սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը նախաձեռնել էր մոնիթորինգ, որի արդյունքում հաշվարկված լրացուցիչ մանրածախ ջրամատակարարման ծավալը կազմել է 2 137 566 խմ։
Զուգահեռաբար՝ սոցիալապես անապահով համարվող ընտանիքների համար հնարավորինս նվազ սակագներ սահմանելու նպատակով ընդունվել է ՀՀ Կառավարության 2021 թ. նոյեմբերի 18-ի №1880-Ն որոշումը: Վարձակալության պայմանագրի մնացած 10 տարիների ընթացքում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների կտրուկ տատանումները չեզոքացնելու և սպառողների համար հնարավորինս կայուն սակագնային քաղաքականություն ապահովելու նպատակով «Վեոլիա Օ-կոմպանի ժեներալ դեզ Օ», «Վեոլիա ջուր» ընկերությունների և ՀՀ կառավարության (ի դեմս Ջրային կոմիտեի) միջև 2021 թ. նոյեմբերի 10-ին ստորագրվել է № 24 համաձայնագիրը, որի հիման վրա համապատասխան փոփոխություններ են կատարվել «Վեոլիա ջուր» ընկերության լիցենզիայի պայմաններում։
Նոր սակագները կգործեն 2022 թ. հունվարի 1-ից: