2020 թվականի նոյեմբերի 10-ին Կառավարության շենքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերով ևս 3 մեղադրյալի վերաբերյալ գործը դատարանում է։
Ալիկ Ստեփանյան, ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ - Ամբաստանյալներից երկուսին մեղսագրվում է նաև պատերազմի ժամանակ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու արարք:
Մեկ տարի առաջ, երբ հայտնի դարձավ եռակողմ հայտարարության ստորագրման մասին, նոյեմբերի լույս 10-ի գիշերը Երևանում անկարգություններ սկսվեցին: Հարձակման ենթարկվեցին Ազգային ժողովի, Կառավարության շենքերը: Ազգային ժողովի մոտակայքում մահափորձ իրականացվեց այն ժամանակ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի դեմ։
Ընդհանուր գործի շրջանակում 54 մեղադրյալ կա, որոնցից 24-ի նկատմամբ 8 քրեական գործ անջատվել է և ուղարկվել դատարան: Դատարան ուղարկված քրեական գործերից 4-ով 7 անձի վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ, երկուսը մեղադրվում են վարչապետի կեցավայրից կողոպուտներ կատարելու համար։
Ալիկ Ստեփանյան - Նրանց նկատմամբ դատարանի կողմից նշանակվել էր ազատազրկում՝ 4 տարի ժամկետով, պաշտպանի կողմից դատարանի դատավճռի դեմ բերվել էր Վերաքննիչ բողոք՝ խնդրելով պատիժը պայմանականորեն չկիրառել կամ նշանակել օրենքով նախատեսված պատժից ավելի մեղմ պատիժ: 2021 թ. նոյեմբերի 10-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը պաշտպանի բողոքը բավարարեց մասնակի, ամբաստանյալների նկատմամբ նշանակված պատիժը մեղմացվեց, մասնավորապես՝ նրանց նկատմամբ նշանակվեց օրենքով նախատեսված պատժից ավելի ցածր պատիժ՝ 2 տարի ժամկետով:
Նույն դրվագով ևս 2 մեղադրյալի նկատմամբ այս պահին դատաքննությունը շարունակվում է առաջին ատյանի դատարանում: Քննությամբ նաև պարզվել է, թե ինչպես են անկարգության մասնակիցները մտել վարչապետի կեցավայր:
Ալիկ Ստեփանյան - Հիմնական մուտքի ճանապարհը եղել է կենտրոնական մուտքով, այսինքն՝ Պռոշյան փողոցի կողմից: Զանգվածային անկարգության մասնակիցները եղել են բազմաթիվ, դարպասների վրայով են անցել և արդեն ներսից բացել են դարպասները, որի հետևանքով հնարավոր է եղել զանգվածային անկարգության մյուս մասնակիցների մուտքը վարչապետին հատկացված կեցավայր:
Դատարան ուղարկված գործերից ևս մեկով մեկ անձ դատապարտվել է տուգանքի 150 հազար դրամի չափով՝ խորհրդարանի տարածքից զանգվածային անկարգությունների ժամանակ ավտոմեքենան փախցնելու համար:
Ալիկ Ստեփանյան - Դատարանի կողմից որպես մեղմացնող հանգամանք հաշվի է առնվել դատավճիռ նշանակելու պահին ամբաստանյալի խնամքի տակ մինչև 14 տարեկան 2 երեխայի առկայությունը:
Մեկ այլ քրեական գործով զանգվածային անկարգությունների երեք մասնակցի նկատմամբ ևս դատաքննությունն ավարտվել է, դատարանի կողմից նրանց նկատմամբ նշանակվել է ազատազրկում երեք տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ երեքի նկատմամբ էլ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով:
Ալիկ Ստեփանյան - Այս դեպքում դատարանի կողմից հաշվի են առնվել, որ ամբաստանյալներից երկուսը կին են, մեկը պատիժ նշանակելու պահին հղի վիճակում էր, մեկի խնամքին կար անչափահաս երեխան, իսկ երրորդ ամբաստանյալն անչափահաս էր։
Իշխանության յուրացման փորձի, զանգվածային անկարգությունների կազմակերպման համար էլ մեղադրվում է ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը:
Ալիկ Ստեփանյան - Այս պահին նախաքննությունը շարունակվում է, կազմակերպիչների մասով դեռ դատարան ուղարկված գործեր չկան:
Ալիկ Ստեփանյանը նշում է՝ քրեական գործին կցվել են բազմաթիվ տեսանյութեր:
Ալիկ Ստեփանյան - Ուսումնասիրությունների արդյունքում հակաիրավական արարքներ, բռնարարքներ կամ այլ հակաիրավական արարքներ կատարելու պահին առանձնացվել, ֆիքսվել է շուրջ 144 անձ, այդ անձանց ինքնությունը պարզելու համար ՀՀ գլխավոր դատախազի կողմից շուրջ 5 օպերատիվ հետախուզական միջոցառում ձեռնարկելու հանձնարարություն է տրվել Ազգային անվտանգության ծառայությանը։
Դատախազը եզրափակում է՝ գործով կատարվում են բազմածավալ քննչական գործողություններ՝ անկարգության կազմակերպիչներին, մասնակիցներին պարզելու համար։
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան