Օմիկրոն՝ հունական այբուբենի տասնհինգերորդ տառն է, այսուհետև նաև կորոնավիրուսի նոր տարբերակի անվանումը: 2 օր առաջ ԱՀԿ վիրուսի էվոլյուցիայի փորձագիտական խորհրդատվական խմբի խորհրդով՝ առողջապահական կառույցն այն անվանեց որպես անհանգստություն առաջացնող տարբերակ: Օմիկրոնն ունի մի քանի մուտացիա, որոնք կարող են ազդել դրա վարքագծի, օրինակ՝ հեշտ տարածման կամ դրա հարուցած հիվանդության ծանրության վրա: Գիտնականներն առայժմ շատ բան չգիտեն տարածման ու փոխակերպումների մասին։ ԱՀԿ-ն շեշտել է, որ նախնական տվյալով՝ նոր շտամը տարածման ավելի արագ տեմպ է ենթադրում:
Թեդրոս Գեբրեյեսուս (ԱՀԿ գլխավոր տնօրեն) - Օմիկրոնի՝ խիստ մուտացիայի ենթարկված տարբերակի ի հայտ գալը ցույց տվեց, թե որքան վտանգավոր և անկայուն է աշխարհի վիճակը: Մենք դեռ վերջնական չգիտենք, արդյոք օմիկրոնն ավելի արա՞գ է փոխանցվում, ավելի ծանր ընթա՞ցք է ենթադրում, պակաս վտանգավո՞ր է վարակված մարդկանց համար, արդյոք այն սպառնո՞ւմ է չպատվաստվածներին: Այս հարցերի պատասխանները գտնելու ուղղությամբ աշխատում են ԱՀԿ մասնագետներն ու աշխարհի գիտնականները:
Քանի որ օմիկրոնի շուրջ պտտվող հարցերը չեն ստացել պաշտոնական պատասխաններ, աշխարհի գիտնականները փորձում են կանխարգելիչ տարբերակներ գտնել:
Քրիստիան Դրոստեն (Բեռլինի Charité հիվանդանոցի վարակաբան) - Օմիկրոնի մասին մենք դեռ շատ բան չգիտենք, ցավոք: Ուսումնասիրությունները շատ քիչ են, միակ բանը, որ կարող ենք վստահեցնել, պետք է պատվաստվել, քանի որ դա է բոլոր մուտացիաներից պաշտպանվելու քիչ թե շատ արդյունավետ տարբերակը: Քանի դեռ ըստ կանխատեսման՝ նոր շտամի համաշխարհային տարածմանը մի քանի ամիս կա, պետք է արագ լուծել պատվաստման գործընթացի բացերը: Որքան պատվաստված է հասարակությունը, այնքան պաշտպանված է նոր շտամներից:
Էնթոնի Ֆաուչի (ԱՄՆ նախագահի գլխավոր բժշկական խորհրդական) - Անխուսափելի է՝ օմիկրոնը տարածվելու է նաև ԱՄՆ-ում, այլ հարց է՝ մենք պատրաստ կլինենք ճիշտ դիմավորել դրան: Հիմնական նախապատրաստական աշխատանքն ավելի շատ մարդկանց պատվաստելն է. դա միակ արդյունավետ բանն է, որ կարող ենք անել:
Կորոնավիրուսի դեմ առկա պատվաստանյութերի արդյունավետությունն օմիկրոն շտամի հանդեպ դեռ ուսումնասիրվում է, բայց գիտնականները վստահեցնում են՝ առկա պատվաստանյութերը շարունակում են արդյունավետ մնալ կորոնավիրուսի ծանր ընթացքի և մահվան դեպքերը նվազեցնելու առումով: ԱՀԿ-ն արդեն զգուշացրել է՝ օմիկրոնի տարածումը կարող է նոր բռնկումների պատճառ դառնալ՝ հատկապես վակցինացիայի ցածր մակարդակ ունեցող երկրներում։
Ուրսուլա ֆոն դեր Լեյեն (Եվրահանձնաժողովի նախագահ) - Մենք այս տարբերակի մասին ոչինչ չգիտենք: Գիտնականներին անհրաժեշտ է երկու-երեք շաբաթ՝ ամբողջական պատկերացում կազմելու այս օմիկրոնի մասին: Մենք պետք է օգտագործենք ժամանակը և պատրաստվենք դրա տարածմանը: Առաջին հերթին՝ պետք է պատվաստվել: Պատվաստումը բարձրացնում է հակամարմինների մակարդակը, դա իմունային համակարգի «ոստիկանությունն» է, այն մեզ հաստատ կպաշտպանի նաև այս նոր շտամից:
Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ կառույցը պայմանագիր ունի Pfizer-BioNTech-ի հետ. Լեյենի խոսքով՝ կազմակերպությունը հավաստիացրել է, որ կարող է 100 օրվա ընթացքում հարմարեցնել իր պատվաստանյութը կորոնավիրուսի նոր տարբերակներին:
Կորոնավիրուսային հիվանդության նոր շտամն առաջին անգամ արձանագրվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Մի շարք երկրներ արդեն ձեռնարկել են սահմանափակող միջոցառումներ, այդ թվում` սահմանել մուտքի արգելք աֆրիկյան մի շարք երկրներից։ Չնայած սահմանափակող միջոցառումներին՝ նոր շտամն սկսել է տարածվել աշխարհում: Եվրոպական որոշ երկրներ արդեն հայտնաբերել են օմիկրոնով վարակված հիվանդների: Մեծ Բրիտանիան հաստատել է օմիկրոնի երրորդ դեպքը, Կանադայի մայրաքաղաք Օտտավայում 2 դեպք է գրանցվել, 2 հաստատում է գրանցվել Իսրայելում: Ռուսաստանը հայտարարել է, որ երկրի տարածքում դեռ չի հայտնաբերվել նոր շտամը: Նախատեսվում է, որ շուտով Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կհրապարակի Ամերիկայի քայլերի մասին։