Կարևորելով ազատազրկված անձանց պահման պայմանների համապատասխանությունը օրենքով սահմանված պահանջներին և ընթացակարգին, ծանոթանալու նպատակով քրեակատարողական հիմնարկների առանձնահատկություններին և հիմնախնդիրներին, ինչպես նաև ծառայողի՝ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում կատարվող աշխատանքներին՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը կենտրոնական մարմնի ղեկավար կազմի հետ շրջայցեր է կատարել «Հրազդան», «Սևան», «Կոշ», «Արթիկ», «Վանաձոր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներում։
Ծառայության պետը հիմնարկների վարչակազմի ուղեկցությամբ եղել է հիմնարկների բոլոր հատվածներում՝ զբոսահրապարակներում, ճաշարաններում, մարզադահլիճներում, տեսակցությունների սենյակներում, բուժմասերում, գրադարաններում, բնակելի գոտիներում և այլուր, զրուցել է նաև ազատազրկված անձանց հետ նրանց հուզող խնդիրների շուրջ։
Շրջայցի ընթացքում Ծառայության պետը մատնանշել է ՔԿՀ-ներում առկա խնդիրները՝ ընդգծելով և վերհանելով իր կողմից նկատված թերությունները ինչպես ազատազրկված անձանց պահման պայմանների վերաբերյալ և այլ հատվածներում, այնպես էլ աշխատակազմերի գործելաոճում՝ նշելով, որ յուրաքանչյուր աշխատակից աշխատավայրում պիտի ղեկավարվի միայն օրենքով իրեն վերապահված լիազորություններով և համակարգի շահերին ծառայելու առաջնահերթ սկզբունքով։
Սերգեյ Ատոմյանը շրջայցի ավարտին հիմնարկների ղեկավար անձնակազմին տվել է հասցեական հանձնարարականներ՝ հույս հայտնելով, որ խելամիտ ժամանակահատվածում նկատելի կլինեն թերությունների շտկման արդյունքները՝ միաժամանակ չանտեսելով նաև գնահատանքի արժանի ծառայողների աշխատանքային պարտականությունների կատարման արդյունավետությունը։