Նոր էլեկտրակայան, որն էժան էներգիա է մատակարարելու: 270 միլիոն դոլարանոց ներդրումային ծրագրի իրականացման համար երկու տարի պահանջվեց: Երևանում 254 մեգավատտ հզորությամբ շոգե-գազային ցիկլով նոր էլեկտրակայանի բացման արարողությանը ներկա է եղել Հայաստանի վարչապետը: Նիկոլ Փաշինյանը ներդրողների ուղեկցությամբ շրջել է էլեկտրակայանով, ծանոթացել իրականացված աշխատանքներին: Ծրագիրը մեկնարկել էր 2019 թվականին, շինաշխատանքներում ներգրավված է եղել 1200 աշխատակից, իսկ էլեկտրակայանի գործարկումից հետո ստեղծվել է մշտական 50 նոր աշխատատեղ:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Այս կայանի կառուցումը խոշորագույն ներդրումային ծրագրերից մեկն էր Հայաստանում, և կայանի կառուցմամբ, կառավարության նման ծավալի օժանդակությամբ մեկ անգամ ևս փաստում ենք, որ մեր երկրում խոշոր ներդրումները հեշտությամբ կարող են իրականացվել, և պետությունը ամբողջովին պատրաստ է գործընկերներին աջակցել:
Ծրագիրը նախագծել են «Ռենկո», «Սիմենս» և իտալական «Սիմեստ» պետական ներդրումային ֆոնդի հիմնադրած «Արմփաուեր» ընկերությունները:
Ֆրանչեսկո Ջուստոցի («Արմփաուեր» ընկերության գործադիր տնօրեն) - Կարող եմ հավաստել, որ Հայաստանի կառավարությունը ակտիվորեն և հաստատակամությամբ օժանդակել է օտարերկրյա ներդրողներին, և այդպիսի օգնությունը այն առաջնային երաշխիքն է, որ փնտրում են դրսի ներդրողները:
Նոր կայանի հնարավոր ազդեցությունը,«Ռենկո» ընկերության նախագահի խոսքով, կլիմայի վրա գրեթե զրոյական կլինի, իսկ արտադրական ծավալը կարող է ապահովել Հայաստանի էլեկտրաէներգիայի 20-25 տոկոսը:
Ջովաննի Գասպարինի («Ռենկո» ընկերության նախագահ) - Սա գերժամանակակից կայան է, աշխարհում ամենազարգացած տեխնոլոգիաներն են օգտագործվում, ինչը թույլ է տալիս ստանալ շատ էժան էլեկտրականություն: Մոտավորապես 28-29 դրամ է կազմելու 1 կիլովատտի արժեքը:
Այս ծրագիրը լավ նախադրյալ է, որ այլ իտալական ընկերությունների ևս հետաքրքրի հայկական շուկան՝ կարծում է «Սիմեստ» ընկերության գործադիր տնօրենը, շեշտում՝ այստեղ ներդրումների մեծ ներուժ են տեսնում:
Մաուրո Դ՚Ալֆոնսո («Սիմեստ» իտալական պետական ներդրումային ֆոնդի գործադիր տնօրեն) - Հայաստանը շատ կարևոր երկիր է, քանի որ տարբեր տնտեսական համակարգերի խաչմերուկում է և այդ առումով մեծ հետաքրքրություն է ներկայացնում արտասահմանյան ներդրողների համար:
Կառավարությունը նաև այս ծրագրի շրջանակում ներմուծված սարքավորումների գծով մի քանի միլիոն դոլարի մաքսային արտոնություն է տրամադրել:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան