Ատոմակայանում արտակարգ դրություն է՝ պայմանական: Միջուկային վթար է տեղի ունեցել: Պետք է աշխատակիցներին ու քաղաքի բնակչությանը տարհանել: Սա՛ է ուսումնական վարժանքի թեման, իսկ պայմանական աղետի գոտին Մեծամորի 2-րդ ավագ դպրոցն է՝ աշակերտ-բնակիչներով:
Ուսումնական տագնապի ազդանշանից հետո շտապ դեպքի վայր ժամանեցին ԱԻՆ փրկարարները: Աղետի գոտու բնակիչներին նախ ընդունեցին տեղհանման կայանում, հաշվառեցին, ճշտեցին բնակության վայրը, ապա ուղղորդեցին միջանկյալ ապաստարաններ:
Բժշկական ու հոգեբանական օգնության կարիք ունեցողներ էլ եղան: Արմավիրի և Մեծամորի բուժկենտրոնները, հոգեբանական աջակցության խմբերը, որոնք ներգրավված են ուսումնական վարժանքին, առաջին օգնությունը ցույց տվեցին տուժածներին:
Հաջորդ փուլը պայմանական աղետի գոտու բնակիչների տեղափոխումն է միջանկյալ կայան, որն այս դեպքում Էջմիածնին հարակից կամրջի տարածքն է:
Տարհանման հանձնաժողովը, որում ներգրավված են ԱԻՆ-ի, ՀԱԷԿ-ի, Արմավիրի մարզպետարանի, Մեծամորի քաղաքային և հարակից գյուղական համայնքների մասնագետներն ու ոստիկանները, տարհանված բնակիչներին ապահովեցին ժամանակավոր կացարաններով, սննդով ու առաջին անհրաժեշտության այլ պարագաներով:
ՀԱԷԿ-ի հնարավոր վթարի դեպքում վտանգավոր վարակվածության գոտում կհայտնվի 22 համայնք՝ 314 քառ. կմ ընդհանուր մակերեսով և ավելի քան 92 հազար բնակչով: Ատոմակայանից 16 կմ դեպի հարավ անցնում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը: