Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել է մեկական ոսկե և արծաթե մեդալների և երկու գովասանագրի։
Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրն էր Կոլումբիան, առցանց ձևաչափով անցկացվել է նոյեմբերի 14-21-ը։ Օլիմպիադային մասնակցել է 49 երկրի 298 ներկայացուցիչ։
Հայաստանի թիմը ներկայացել է հինգ մասնակցով: Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աշակերտ Արտաշես Գյոլեցյանը նվաճել է ոսկե, իսկ «Քվանտ» վարժարանի սան Դավիթ Գյուլամիրյանը՝ արծաթե մեդալ: Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Վյաչեսլավ Պետրոսյանը և Մարիա Առաքելյանն արժանացել են գովասանագրերի:
Արտաշես Գյոլեցյանն արժանացել է նաև լավագույն տվյալների մշակման փուլ (best data analysis) մրցանակին։
ՀՀ թիմը ղեկավարել է Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աստղագիտության օլիմպիական խմբակի ղեկավար Վարդգես Մամբրեյանը: