ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ելույթ է ունեցել Երևանում 254 Մվտ հզորությամբ համակցված նոր էլեկտրակայանի բացման արարողությանը:
«Այսօր Հայաստանի էներգետիկ համակարգի համար նշանակալի օր է, որովհետև էներգետիկ ընտանիքին է միանում Երևանի նոր 250 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայանը: Սա ևս մեկ քայլ է՝ ուղղված մեր էներգետիկ անվտանգության ու հուսալիության ամրապնդմանը:
Էլեկտրակայանի տեխնիկատնտեսական ցուցանիշները և կիրառված ժամանակակից տեխնոլոգիաները ավելացված արժեք կստեղծեն էներգետիկ համակարգում և Հայաստանի տնտեսությունում առհասարակ։
Նոր կայանը շուրջ 4 տոկոսով ավելի բարձր օգտակար գործողության գործակից ունի, ինչը նշանակում է, որ 1 ԿՎտ.ժ էլեկտրաէներգիա արտադրելու համար ծախսում է ավելի քիչ վառելիք, և էլեկտրաէներգիան ստացվում է ավելի էժան։ Սա հնարավորություն կտա նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը:
Հայաստանում նման խոշորամասշտաբ ներդրումային ծրագրի հաջող իրականացումը միանշանակորեն վստահություն է ներշնչելու ներդրողների համար Հայաստանում օտարերկրյա ներդրումներ իրականացնելու առումով։
Երևանի նոր գազային համակցված ցիկլով էլեկտրակայանի գործարկմամբ, ինչպես նաև էներգետիկ ենթակառուցվածքային մյուս ծրագրերի իրականացմամբ մենք նախատեսում ենք էականորեն ավելացնել էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները տարածաշրջանային շուկաներում։
Նշեմ, որ ծրագրի իրականացման համար ներդրվել է շուրջ 250 մլն դոլար։ Շինարարության ընթացքում ներգրավվել է շուրջ 1000-1200 մարդ, իսկ կայանի շահագործմամբ ստեղծվում է բարձր վարձատրությամբ շուրջ 50 աշխատատեղ։
Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագծի բոլոր մասնակիցներին, իսկ էլեկտրակայանի անձնակազմին մաղթել արդյունավետ աշխատանք»։
Ինչպես արդեն
հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցել է նոր էլեկտրակայանի բացման արարողությանը: