Ավելի քան տասը օր գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար 5000 (հինգ հազար) դրամի չափով տուգանք նախատեսող վարչական տույժ նշանակելու մասին որոշումների և դրանց վերաբերյալ ներկայացվող դիմումների ուսումնասիրությունից պարզվել է, որ բազմաթիվ են դեպքերը, երբ վարչական տույժի են ենթարկվել այն տրանսպորտային միջոցների սեփականատերերը, որոնք ԱՊՊԱ պայմանագիր կնքելուց հետո փոխարինել են տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը, սակայն ԱՊՊԱ պայմանագրում այդ փոփոխությունը չեն կատարել։ Այս մասին հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը:
«Չնայած համապատասխան հիմնավորումները ներկայացնելուց հետո նշված վարչական ակտերը բեկանվում են, սակայն ստեղծված իրավիճակում անհարմարություններից խուսափելու համար տրանսպորտային միջոցների սեփականատերերին հորդորում ենք տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերի փոխարինման դեպքում դիմել ապահովագրական ընկերություն՝ գործող ԱՊՊԱ պայմանագրում համապատասխան փոփոխություն կատարելու համար»,- ասված է ՃՈ հաղորդագրության մեջ: