ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Արուսյակ Ջուլհակյանը և ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 29-ին հանդիպել են Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Դիմիտրիոս Մարկոպուլոսի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ:
Ողջունելով հյուրերին` հայ խորհրդարանականները բարձր են գնահատել հայ-հունական հարաբերությունները, կարևորել երկու խորհրդարանների փոխգործակցության հետագա զարգացումը, բարեկամական խմբերի սերտ աշխատանքը: Միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման տեսանկյունից կարևորվել է միջազգային խորհրդարանական կառույցներում համատեղ աշխատանքը:
Արման Եղոյանն արժևորել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի իրականացումը, որը վստահվել է Հունաստանի և Իտալիայի խորհրդարաններին: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ այս ծրագիրն Ազգային ժողովի համար իրականացվում է առաջին անգամ և մեծ դեր ունի խորհրդարանի կարողությունների զարգացման հարցում: Կողմերը համոզմունք են հայտնել, որ ծրագրի միջոցով երկու խորհրդարանների կապերն էլ ավելի կամրապնդվեն:
Զրուցակիցները արժևորել են խորհրդարանների վերահսկողական և ներկայացուցչական գործառույթների իրականացումը:
Օրենսդիրները խոսել են հայ և հույն ժողովուրդների` դարերի պատմություն ունեցող բարեկամությունից, ընդհանուր մարտահրավերներից:
Անդրադարձ է կատարվել հետպատերազմյան իրադրությանը, կարևորվել է տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատումը:
Պատգամավորները նաև ընդգծել են տնտեսական և զբոսաշրջային ոլորտներում համագործակցության զարգացման անհրաժեշտությունը: