Հետնաբեմում եռուզեռ է. 65-ամյա Հանրային հեռուստաընկերության հին ու նոր սերունդը պատրաստվում է հոբելյանական համերգին:
Նարա Շլեպչյան - Բարձ ձեզ, սիրելի հեռուստադիտողներ: Այսօր տոնական օր է, բացվում է ՀՀ հեռուստատեսությունը:
65 տարի առաջ այս խոսքով եթերը սկսեց Նարա Շլեպչյանը: Հայկական հեռուստատեսության առաջին հաղորդավարը մինչև օրս եթերից առաջ հուզվում ու պատրաստվում է:
Նարա Շլեպչյան (Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ) - Ես և՛ հուզված եմ, և՛ պատրաստվում եմ, և՛ ի սրտե շնորհավարում եմ մեր ժողվորդին ու մեր հարազատ հեռուստատեսությանը: Կարծում եմ՝ մեր հեռուստատեսությունը դեռ երկար կծառայի մեր ժողվորդին:
Բեմում ամփոփվեց մայր հեռուստաընկերության 6 տասնամյակից ավելի գործունեությունը՝ բոլոր սերունդների գործակցությամբ:
Արթուր Մանուկյան (ռեժիսոր) - Պետք էր փորփրել արխիվները, պետք էր գտնել զգայուն ու նուրբ կետերը, Հանրայինի ստեղծման հիմքում ընկած մարդկանց, պետք էր գտնել բոլոր այն դետալները, որոնք մինչ այսօր ուղեկցում են Հանրայինի ամբողջ պատմության ընթացքում:
Առաջինում տասնամյակներ աշխատած Մարատ Օրդյանն այսօր էլ հեռուստատեսությունում է: Ասում է՝ աշխատանքային տարիներն ակնթարթի պես են անցել:
Մարատ Օրդյան («Մեր արխիվը» ծրագրի հաղորդավար) - Այս աշխատողները, որ հիմա ես տեսնում եմ. էս բոլոր պայծառ, ջերմ դեմքերը, որ տարիներ շարունակ աշխատել են... Ու հիմա նայում եմ դեմքներին, երազի պես կարծես լինի, ու ժամանակն ամբողջովին խառնվում է իրար. 65 տարի թե այսօր՝ նույն բանն է. բոլորս հավաքված ենք մի կետում, ժամանակի մի միավորի մեջ:
65-ամյակի հոբելյանական միջոցառումն անցավ ծիծաղով ու հուզմունքով: Հիշեցին առաջին հաղորդումից մինչև վերջին մեգանախագծերը, Մեդիակադեմիայի բացումն ու լրատվական նոր ալիքի ծնունդը: Ներկայացվեց նաև մեր նոր տարբերանշանը:
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը գործընկերներին շնորհավորեց ու շնորհակալություն հայտնեց Հանրայինի ընտանիքին նվիրվելու համար:
Հովհաննես Մովսիսյան (Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն) - Հանրային հեռուստաընկերությունը Հայաստանի համար արժեք է, ՀԸ-ն մեր պետականության սիմվոլներից է, մեր երիրի պատմության մի կարևոր մասնիկ է: Երբեմն Հանրայինի աշխատակիցներին անվանում են պատմությունը վավերագրող մարդիկ: Մի կողմից հիշում ենք մեր պատմությունն ու ներկայացնում մեր հեռուստադիտողին, մյուս կողմից փորձում ենք լինել նորարար ու ապագային նայող:
Գործադիր տնօրենը հայտարարեց՝ դիմել է Կառավարությանը, որպեսզի նոյեմբերի 29-ը այսուհետև նշվի որպես Հեռուստատեսության աշխատողի օր:
65-ամյակի առիթով պարգևատրվեցին Հանրայինի պատմության կերտման մեջ ավանդ ունեցած աշխատակիցները:
Հեղինակ՝ Անի Օհանյան