Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է արտահայտվել բանաձևին, որով կոչ է արվում դաշնային կառավարությանը՝ ճանաչելու Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թվականների ընթացքում հայերի, ասորիների և հույների դեմ իրականացված ցեղասպանությունները՝ հայտնել է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:
Պատգամավոր Թրենթ Զիմերմանի առաջ քաշած բանաձևը հորդորում է Ավստրալիայի կառավարությանը՝ հավատարիմ մնալ 1948 թվականի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դատապարտման մասին կոնվենցիային՝ ճանաչելով «Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թվականների ընթացքում հայերի, հույների և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը»:
ՀԱՆԳԻՍՏ ՉԵՄ ԼԻՆԻ, ՄԻՆՉԵՎ ՏՈՒՆ ՉՎԵՐԱԴԱՐՁՆԵՆՔ ԳԵՐԻՆԵՐԻՆ. ՇԻՖ
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆն անդրադարձել է հայ գերիների, փախստականների հարցին:
«Որպես ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի փոխնախագահ՝ ես հանգիստ չեմ լինի, մինչև մենք տուն չվերադարձնենք գերիներին, մինչև փախստականները չվերադառնան իրենց տները, և տարածաշրջան չբերենք վերջնական ու արդար խաղաղություն»,- հայտարարել է Շիֆը:
Նա հավելել է, որ շարունակելու են աջակցել ու ուժեղացնել ժողովրդավարությունը Հայաստանում և Արցախում: «Ես միշտ կլինեմ Հայաստանի ու Արցախի կողքին»,- վստահեցրել է Ադամ Շիֆը:
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԻՐԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
Թուրքմենստանում անցակացվող Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի շրջանակներում Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Մտահոգություն հայտնելով տարածաշրջանում անկայունության և օտար ուժերի ներկայության կապակցությամբ՝ Իրանի նախագահը հայտարարել է, որ «Իսլամական պետության ահաբեկիչները և սիոնիստները տարածաշրջանին սպառնացող երկու գործոններն են, որոնց պետք է դիմակայել»:
Ադրբեջանի նախագահը, անդրադառնալով երկու երկրների միջև առաջացած թյուրիմացությունները լուծելուն ուղղված՝ իրանցի ու ադրբեջանցի պաշտոնյաների բանակցություններին ու քննարկումներին, հայտարարել է, որ Բաքուն հավատարիմ է սահմանամերձ շրջանների անվտանգությանը և թույլ չի տա, որ որևէ երկիր խաթարի երկկողմ հարաբերությունները։ Աշգաբադում Իլհամ Ալիևի և Էբրահիմ Ռայիսիի ներկայությամբ նաև Իրանի տարածքով Թուրքմենստանից Ադրբեջան գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել: Նախատեսվում է տարեկան Ադրբեջանին մատկարարել 1.5-2 մլրդ խմ գազ:
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԻՐԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Իրանի նախագահը հանդիպել է նաև Թուրքիայի նախագահի հետ. կողմերն անդրադարձել են Իրան-Թուրքիա առևտրատնտեսական հարաբերությունների ներուժին։ Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան տարածաշրջանի մյուս երկրների հետ համագործակցությամբ կարող են պահպանել անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում՝ հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Ռայիսին մատնանշել Է Իրանի և Թուրքիայի միջև համագործակցության լայն և բազմազան ոլորտները տարբեր հատվածներում, ներառյալ՝ էներգետիկան, բանկային գործը և դրամավարկային հարցերը, ինչպես նաև առևտրային փոխանակումները՝ հավելելով. «Մենք պետք է նպաստենք տնտեսական հարաբերությունների զարգացմանը, և այդ պատճառով արտոնյալ սակագները կարող են վերանայվել»:
ԻԻՀ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՎԵՐՍԿՍՎԵՆ
Այսօր Վիեննայում Իրանի և «հնգյակի»՝ Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա, համատեղ հանձնաժողովը վերսկսում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման շուրջ բանակցությունները։
Սա յոթերորդ փուլն է բանակցային գործընթացում, որն ամռանն ընդհատվել էր Իրանի նախագահական ընտրությունների պատճառով։ Հանդիպումը վարելու է ԵՄ համակարգող Էնրիկե Մորան։ Իրանական պատվիրակությունը գլխավորում է Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին։
Ամերիկյան կողմը չի մասնակցում համատեղ հանձնաժողովի նիստին՝ պայմանավորված 2018 թվականին ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալու պատճառով, սակայն Վիեննայում միջուկային գործարքի մասնակիցների հետ առանձին խորհրդակցությունների համար ներկա կլինի Իրանում ԱՄՆ հատուկ բանագնաց Ռոբերտ Մալլին։ Համատեղ հանձնաժողովի երրորդ անդամների միջոցով անուղղակի հաղորդակցություն է ապահովվելու Վաշինգտոնի և Թեհրանի ներկայացուցիչների միջև։
Հանդիպումից առաջ իրանական կողմը հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում կենտրոնանալ հենց Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների վրա։ Բաղերին ընդգծել է, որ միջուկային գործարքի հնարավորությունների պատուհանը հավերժ բաց չի մնա, եթե համաձայնագրի հետ կապված չլինեն երաշխիքներ, որ Իրանը կշահի դրանից։