Թուրքիայում «լիրայի փլուզումը» շարունակում է մնալ իշխանության հիմնական գլխացավանքը: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարգադրել է հետաքննություն սկսել՝ նման կտրուկ անկման պատճառը հասկանալու համար: Անկարայում մեկ անգամ չէ, որ հայտարարել են՝ այս գործընթացում արտաքին ուժերի՝ մասնավորապես արևմտյան հետքի մասին: Դեռ նախորդ շաբաթվա սկզբին թուրքական լիրայի փոխարժեքը փլուզվել էր միանգամից 18 տոկոսով՝ զգալի արագացնելով վերջին ամիսների առանց այդ էլ բացասական դինամիկան: Չնայած ի դեմս արտաքին ուժերի՝ իշխանությունը արդեն մեղավոր «նշանակել է», երկրում ցույցերը շարունակվում են:
Ակադեմիկոս Մեհմեդ Ուֆուք Ուրասը նշում է՝ դրանք դեռ զանգվածային չեն: Հասարակության շատ շերտեր դեռ խնայողություններ ունեն, սակայն իրավիճակը կարող է կտրուկ փոխվել:
Մեհմեդ Ուֆուք Ուրաս, ակադեմիկոս - Ընդդիմադիր կուսակցությունները տեղային խորհրդակցություններ են կազմակերպում։ Խոշոր շրջաններում հավաքներ են լինելու, որոնք հնարավոր է ավելի համակարգված դառնան։ Սակայն միայն հավաքներով անհնար է հաղթանակի հասնել, պետք է զարգացման այլընտրանքային մոդել ներկայացվի, հնարավոր է վերադարձ խորհրդարանական կառավարման համակարգին:
Լիրայի ցածր փոխարժեքն անձամբ Էրդողանի տնտեսական զարգացման մոդելի տեսլականն է: Ըստ Մեհմեդ Ուֆուք Ուրասի՝ Թուրքիայի անվտանգության խորհրդի վերջին նիստին պետական քաղաքականության փաստացի կարգավիճակ ստացավ: Լիրայի արժեզրկումը հանգեցրել է բնակչության աղքատացմանը, որը վերջին անկումից հետո ավելի տեսանելի է դարձել:
Մեհմեդ Ուֆուք Ուրաս - Ֆինանսական միջոցների կտրուկ անկում գրանցվեց, և եթե դիտարկենք նվազագույն աշխատավարձի տեսանկյունից՝ 300 դոլարից հասավ 200-ի։ Էրդողանի քաղաքականությունն այն ուղղվածության էր, որ եթե տոկոսադրույքները նվազեն, գնաճն էլ կնվազի։ Չստացվեց:
Կարո՞ղ է բնակչության աղքատացումը սոցիալական լուրջ լարվածության հանգեցնել: Տնտեսագետների համոզմամբ՝ թուրքական լիրան այլևս չի կարողանա վերականգնել նախկին դիրքը: Վերջին երեք տարում այն արժեզրկվել է մոտ չորս անգամ: Սակայն, առաջիկա հնարավոր զարգացումներում չափազանց կարևոր է լինելու, թե արդյոք անկումը շարունակվելու է: Թուրքիայի ընդդիմությունն էլ արդեն լայնամասշտաբ ցույցերի է պատրաստվում:
Անահիտ Վեզիրյան, թուրքագետ - Կոնկրետ այս փոքր խմբերը, որ տարբեր քաղաքներում լինում, չեն սպառնում Էրդողանի իշխանությանը, բայց հնարավոր է վերածվեն ավելի մեծ ալիքի, երբ ընդդիմությունը իջնի դաշտ: Դա սպասվում է դեկտեմբերին:
Տնտեսական բարդությունների ֆոնին՝ Թուրքիայի նախագահը հայացքն ուղղել է երկրից դուրս: Արաբական Միացյալ Էմիրությունները, չնայած Անկարայի հետ վերջին տարիների լուրջ տարաձայնություններին, հայտնել է թուրքական տնտեսության մեջ 10 միլիարդ դոլարի ներդրում կատարելու մտադրության մասին: Էմիրությունները գումարը պատրաստվում են ներդնել, մասնավորապես, տրանսպորտային նախագծերում: