Մատյանների փոխարեն՝ թվային տեխնոլոգիաներ: Հայաստանի միջպետական ու հանրապետական նշանակության ավտոճանապարհների կառավարման մոբայլ և վեբ հավելվածներով նոր՝ էլեկտրոնային համակարգ է ներդրվում:
Հավելվածը թույլ կտա շրջայցերի ժամանակ թերությունները ոչ թե թուղթ ու գրիչով նշել, այլ հենց տվյալ պահին էլեկտրոնային համակարգում լուսանկարով արձանագրել: Հավելվածը հնարավորություն կտա նաև հետևել արձանագրված թերության շտկմանը: Ինժեներների աշխատանքն ավտոմատացնող համակարգում արտացոլվում է կատարած ցանկացած աշխատանք:
Ճանապարհների ամառային ու ձմեռային սպասարկման աշխատանքներին հետևելու համար էլ կապալառու կազմակերպությունների մեքենա-սարքավորումները կկահավորվեն գլոբալ տեղորոշման համակարգով՝ GPS-ով:
Բահով ավազ ցանելու պրակտիկայից հրաժարվելու համար էլ պետությունը նոր պահանջներ է դրել։ Մասնավորապես՝ կապալառու ընկերություններ պետք է ապահովված լինեն ձյունամաքրիչ մեքենաներով, որոնք միաժամանակ ձյունը կմաքրեն և աղ ու ավազով վերամշակում կիրականացնեն:
Անվտանգությունից ելնելով՝ կրճատվել է նաև ճանապարհների կահավորանքին առնչվող թերությունների շտկման ժամկետը:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն արդեն հայտարարել է ճանապարհների ընթացիկ ամառային և ձմեռային պահպանման աշխատանքների ձեռքբերման մրցույթը։ Տարածաշրջանները 37-ն են, մրցույթին ներկայացվել է 35 չափաբաժին և առանձին սպասարկվող 8 թունել ու կամուրջ: Հաղթող կազմակերպությունների համար աշխատանքների կատարման ժամկետ է սահմանվելու 2026թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։