Վերջին շրջանում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի նվազում է արձանագրվում, նաև կանխատեսվում է մահացության ցուցանիշի նվազում:
Բայց մյուս կողմից էլ անհանգստացնող նորություններ են ստացվում վարակի նոր մուտացիաների և շտամների մասին: Վերջին այդպիսի ենթատեսակը կոչվում է օմիկրոն, որն սկսել է տարածվել Հարավաֆրիկյան Հանրապետությունից: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ասաց, որ Հայաստանում «օմիկրոնի» դեպքեր չեն հայտնաբերվել: Նախարարը նաև նշեց, որ կարող է սահմանափակվել աֆրիկյան մի շարք երկրների քաղաքացիների մուտքը Հայաստան:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Հարավաֆրիկյան Հանրապետություն, Բոտսվանայի Հանրապետություն, Լեսոտոյի թագավարություն, Նամիբիայի Հանրապետություն, Զիմբաբվեի Հանրապետություն, Մոզամբիկի Հանրապետություն, Մադագասկար և Տանզանիա. այս երկրներից քաղաքացիների մուտքը ՀՀ ժամանակավոր սահմանափակելու մասին:
«Օմիկրոնի» մասին առայժմ հայտնի է, որ նախորդներից ավելի արագ է տարածվում: Մյուս առանձնահատկությունները պարզ կլինեն համապատասխան ուսումնասիրություններից հետո: Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հայտնի չէ՝ քովիդի դեմ պատվաստանյութերը արդյոք նաև «օմիկրոն» ենթատեսակի՞ց են պաշտպանում: Ավանեսյանն այսօր նկատեց, որ նման մտագոհություններ առաջանում են ամեն մի նոր շտամի ի հայտ գալուց հետո, և արվում են համապատասխան հետազոտություններ: Ամեն դեպքում, ըստ նրա, դա չի նվազեցնում պատվաստումների կարևորությունը:
Անահիտ Ավանեսյան - Հակառակը՝ շատ ավելի արագ պետք է առաջ գնանք: Էն ժամանակ խոսում էինք, որ շատ երկրներում պատվաստումների գործընթացը դառնում է 90 տոկոս, բայց որոշ երկրներ էլ չունեին պատվաստանյութեր, օրինակ՝ նույն աֆրիկյան երկրները, կամ՝ գործընթացը դանդաղում է: Սա հենց ստեղծում է այն խութերը, որ վարակը շատ արագ անընդհատ փոխակերպվում է
ԵՐՐՈՐԴ ԴԵՂԱՉԱՓԸ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏՐՎՈՒՄ ՍՏԱՆԱԼ ՎԵՑ ԱՄՍԻՑ
Ավանեսյանն ընդգծում է՝ ինչքան շատ մարդ պատվաստվի կարճ ժամկետում, այնքան կփոքրանա վիրուսի փոխակերպման հնարավորությունը: Ի դեպ, որոշ դեպքերում առաջարկվում է ստանալ նաև խթանիչ դեղաչափ՝ բուստեր, եթե երկրորդ դեղաչափը ստանալուց հետո անցել է վեց ամիս:
Անահիտ Ավանեսյան - Խթանիչ դեղաչափը նշանակում է ամբողջական պատվաստում ստացած քաղաքացու կողմից ստանալ երրորդ՝ մեկ խթանիչ դեղաչափ, ոչ թե ևս երկու այլ պատվաստանյութ կամ նույն պատվաստանյութը: Մենք որոշակի սխեմա ենք կազմել, և խորհրդատվության կարգով այն քաղաքացիները, ովքեր ստացել են ոչ ՌՆԹ հիմքով վակցիանները՝ «Մոդեռնա», «Պֆայզեր», առաջին երկու դեղաչափը, ապա խթանիչը խորհուրդ է տրվում տվյալ տիպի պատվաստանյութ:
Երրորդ դեղաչափն առաջին հերթին խորհուրդ է տրվում ռիսկի խմբի ներկայացուցիչներին՝ 65 և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդություն ունեցողների, բուժաշխատողների: Առողջապահության նախարարը պարզաբանեց, որ պատվաստանյութի երրորդ դեղաչափի պարտադրանք չկա, և դա չստանալը չի նշանակի, թե երկու դեղաչափով պատվաստվածները նույնպես պետք է գործատուին ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնեն:
Անդրադառնալով պատվաստվածների շրջանում մահվան դեպքերի մասին հարցին՝ նախարարն ասաց՝ 23 նման մահ է եղել: Մահացածների միջին տարիքը 75-ից բարձր է, նրանք ունեցել են քրոնիկ հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, չարորակ նորագոյացություններ, սրտի իշեմիկ հիվանդություններ, որոնք քովիդի հետևանքով ավելի են սրվել:
Հեղինակ՝ Աննա Զախարյան