Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի, Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանի և մյուսների գործով դատաքննությունն այսօր սկսվեց: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, մեղադրող դատախազները հրապարակեցին մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:
Մեղադրող դատախազ - «Հայաստան» դաշինքի օգտին Սյունիքի մարզի Գորիս համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով նույն համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը մտադրվել է քվեի դիմաց ընտրողներին տալ կաշառք՝ ընտրություններին նրանց մասնակցությունը և «Հայաստան» դաշինքին կողմ քվեարկելն ապահովելու համար:
Ըստ մեղադրանքի՝ ընտրություններից մի քանի օր առաջ Առուշանյանը հանդիպել է Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանին և առաջարկել ընտրություններից հետո դրամական օգնություն տրամադրել այն ընտրողներին, որոնք կխոստանան ընտրել «Հայաստան» դաշինքին:
Մեղադրող դատախազ - Նկարագրված հանցագործությունը, սակայն ավարտին չի հասցվել Առուշ Առուշանյանի կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Ավետյանը հրաժարվել է հանդիպել ընտրողներին և «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու դիմաց նրանց առաջարկել դրամական օգնության տեսքով կաշառք:
Բացի այդ, ըստ մեղադրանքի մինչ ընտրությունը Լուսինե Ավետյանը Առուշանյանի պահանջով կազմակերպել է նրա հանդիպումը Քարահունջի մի շարք բնակիչների հետ, որոնք Առուշանյանից դրամական աջակցություն են խնդրել: Այնուհետև Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի որոշման հիման վրա նրանց բանկային փոխանցման միջոցով տրամադրվել է 100 000-ական դրամ, իսկ բնակիչներից մեկին՝ 220 000 դրամ: Մեղադրանքների մի մասն էլ հրապարակեց գործով մյուս դատախազը:
Մեղադրող դատախազ - Առուշ Առուշանյանը մեղադրվում է այն բանում, որ նա 2017 թվականի նոյեմբերի 10-ից զբաղեցնելով Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնը, փաստացի իրեն պատկանող «Բեսթ Ռոուդ» ընկերության միջոցով զբաղվել է ապօրինի ձեռնարկատիրությամբ և առանց պայմանագրի ընդերքի օգտագործմամբ, որն էական վնաս է պատճառել Գորիս համայնքի և հասարակության օրինական շահերին, շրջակա միջավայրին և ընդերքում պարփակված օգտակար հանածոներին, առանձնապես խոշոր վնաս՝ անձանց և պետությանը:
Բացի այդ, ըստ մեղադրանքի, Առուշանյանը 2020 թ. օգոստոսի 28-ին իր ընկերների՝ գործով մեղադրյալներ Էրիկ Աղաջանյանի և Հարութ Լալազարյանի հետ տուժող Արթուր Գյուրջյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է մարմնական վնասվածքներ՝ իրեն մեքենայով վազանց անելու համար:
Մեղադրող դատախազ - Արթուր Գյուրջյանն իրեն պատկանող «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով երթևեկել է Գորիս քաղաքի տարբեր փողոցներով և հանդիպել Առուշ Առուշանյանի՝ «Մերսեդես-Բենց 500» մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենային: Հերթական խաչմերուկից թեքվելով՝ Արթուր Գյուրջյանը հարկադրված շրջանցել է Առուշ Առուշանյանի ավտոմեքենային, ինչը զայրույթ է առաջացրել վերջինիս մոտ և հրահանգել է կանգնեցնել ավտոմեքենան՝ այն իբրև անկարգ վարելու հետ կապված պարզաբանումներ պահանջելու նպատակով: Առուշ Առուշանյանն Արթուր Գյուրջյանին նախ հարցրել է՝ «էդքան կա՞ս, որ ինձ աբգոն անես», ապա վերջինիս՝ «ինձ ո՞վ պիտի ասի ես ոնց քշեմ» պատասխանը լսելով՝ կարգադրել է առաջանալ և կայանել ավտոմեքենան:
Ըստ մեղադրանքի՝ մեքենայից իջնելուց հետո Առուշանյանը հայհոյել է Գյուրջյանին, ընկերները բռնել են նրա ձեռքից, ու Առուշանյանը նախ մեկ անգամ գլխով հարվածել է Գյուրջյանի քթին, ապա հայհոյանքներ տալով՝ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Մեղադանքի հրապարակումից հետո Առուշ Առուշանյանն ասաց՝ վերոնշյալն իրականությանը չի համապատասխանում:
Առուշ Առուշանյան (ամբաստանյալ) - Չեմ ընդունում, նման բան չի եղել:
Մեղադրող դատախազները հրապարակեցին Լուսինե Ավետյանի և մյուս ամբաստանյալների մեղադրանքները ևս: Նրանք նույնպես չընդունեցին իրենց մեղքը: Այնուհետև, երբ դատարանը որոշում էր ինչպես սահմանել ապացույցների հաջորդականությունը, ամբաստանյալ Լուսինե Ավետյանը հայտարարեց.
Լուսինե Ավետյան (ամբաստանյալ) - Ես ցանկանում եմ, որ առաջինն ինձ հարցաքննեք:
Նրան առաջինը հարցաքննելուն կողմ էր նաև պաշտպանական կողմը: Դատարանն էլ որոշեց առաջինը հարցաքննել ամբաստանյալներին, հետո հետազոտել գործի նյութերը, այնուհետև լսել վկաներին և տուժողներին: Մինչ ամբաստանյալների ցուցմունքը դատավոր Գնել Գասպարյանը լրագրողներից պահանջեց չտեսանկարահանել և չձայնագրառել նիստը: Իսկ ահա առանց տեսախցիկների հարցաքննվելիս ամբաստանյալ Լուսինե Ավետյանը հրաժարվեց Առուշ Առուշանյանի դեմ տված մեղադրական բնույթի ցուցմունքից:
Գործով հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին: Հաջակցություն Առուշ Առուշանյանի՝ դատարանում էր Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան