Արագ, էկոլոգիապես մաքուր ու անվտանգ համարվող էլեկտրասկուտերները շատ երկրներում արդեն լայն տարածում ունեն: Երևանի բարձրադիր գոտիներ հասնելու համար դրանք ևս արդարացրել են իրենց: Ներմուծած հարյուր սկուտերները մի քանի օրից կհայտնվեն Երևանի փողոցներում:
Հովհաննես Մելիքյան («Էգէա» ընկերության «Սիթի սլայդ» ծրագրի ղեկավար) - Ենթադրենք՝ Շրջանայինից Զեյթուն հասնելու համար մոտ տասը րոպե կծախսենք և մոտ 300 դրամ գումար:
Կայանատեղիներ կունենան բոլոր համայնքներում: Խցանումներից խուսափելու լավագույն միջոց է՝ ասում է ընկերության ներկայացուցիչը: Սկուտերով երթևեկելու մեկ րոպեն կարժենա 30 դրամ, վճարումը հնարավոր է կատարել հեռախոսով:
Ներբեռնում ենք «Երևան ռայթ» հավելվածը, կցում ենք բանկային քարտը և լիցքավորում ենք հաշիվը, սկանավորում ենք սկուտերի վրա պատկերված կոդը: Վարելու համար կանգնում ենք սկուտերի վրա, մեկ ոտքով հրում ենք և սեղմում ենք գազի կոճակը:
Սկուտերները ձեռք բերելու համար ընկերությունը ներդրել է 37 միլիոն դրամ: Կառավարությունը վերջին նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրով ընկերությանն ազատեց ներկրման մաքսատուրքից: Ներդրված ընդհանուր գումարի մաքսատուրքից ազատված 14 տոկոսը նույնպես պատրաստվում են ներդնել բիզնեսում:
Ընկերությունը նախատեսել է ծրագիրն ընդլայնել նաև մարզերում, հատկապես զբոսաշրջային բնակավայրերում, ինչի համար էլ դիմել էին էկոնոմիկայի նախարարությունը: Նախապես ուսումնասիրել են, թե տարբեր երկրներում էլեկտրական սկուտերները, որքանով են նպաստել զբոսաշրջության զարգացմանը:
Հովհաննես Մելիքյան - Այս պահին զարգանում է Գյումրի քաղաքը՝ որպես զբոսաշրջային կենտրոն, և շատ պահանջված կլինի նաև այնտեղ ներդնելը:
Սկզբում կունենան ինը աշխատող 230 հազար միջին աշխատավարձով: Ընդլայնվելու դեպքում խոստանում են թվերն ավելացնել: