Մեծ Բրիտանիայի և Իսրայելի արտգործնախարարներ Լիզ Թրասն ու Յաիր Լապիդը համատեղ ջանքեր կգործադրեն՝ կանխելու Իրանի միջուկային զենքի ստեղծումը՝ ասվում է երկու երկրների արտգործնախարարների հոդվածում, որը հրապարակվել է The Telegraph-ում:
Ակնկալվում է, որ երկուշաբթի կստորագրվի համաձայնագիր, որը թույլ կտա երկու երկրներին՝ ավելի սերտ համագործակցել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են կիբեռանվտանգությունը, տեխնոլոգիաների զարգացումը, պաշտպանությունը, առևտուրը և գիտությունը:
Երկուշաբթի Վիեննայում էլ կվերսկսվեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) վերականգնման վերաբերյալ բանակցությունները։
Այդ գործընթացին, ինչպես նախատեսված է, կմասնակցեն Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Իրանի ներկայացուցիչները։
Ռուսական կողմը, Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովի կարծիքով, հույս ունի, որ իրանական միջուկային համաձայնագրի ամբողջական վերականգնման վերաբերյալ ձեռք կբերվեն պայմանավորվածություններ: Նա անարդյունավետ է համարել դրանց հասնելու համար ժամկետներ սահմանելը:
Միևնույն ժամանակ, Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Ռոբերտ Մալլիի խոսքով՝ ԱՄՆ-ը կարող է ուժեղացնել ճնշումը Իրանի վրա, եթե Թեհրանն օգտագործի JCPOA-ի բանակցությունները՝ ժամանակ շահելու իր միջուկային ծրագրի իրականացման համար: