Աշխարհը ստիպված է դիմակայել կորոնավիրուսի նոր շտամին՝ «օմիկրոնին», որն իր ահաբեկչական երթը սկսեց Աֆրիկյան մայրցամաքից՝ հայտնում է ТАСС-ը: Առաջին անգամ այն հայտնաբերվեց Հարավային Աֆրիկայում և Բոտսվանայում: Աֆրիկյան մի շարք պետություններից բացի՝ այսօր վարակի այդ տեսակն արդեն Իսրայելում է, Բելգիայում, Գերմանիայում և Չեխիայում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «օմիկրոնը» համարել է նոր սպառնալիք աշխարհին: Այն համեմատել են նաև «Էբոլա» վիրուսի հետ: ԱՀԿ-ն կոչ է արել բոլոր պետություններին՝ ավելի մեծ ուշադրություն դարձնել կորոնավիրուսի նոր տարբերակի ուսումնասիրությանը։
Ըստ նախնական տվյալների՝ COVID-19-ի «օմիկրոն» տարբերակն ավելի արագ է տարածվում, քան իր նախորդները, և կարող է ազդել ավելի շատ մարդկանց վրա աշխարհում, ներառյալ նրանց, ովքեր ապաքինվել են այլ շտամներից: Միաժամանակ ընդգծվում է, որ այս հարցի վերաբերյալ տեղեկատվությունը սահմանափակ է, նոր շտամից մահացության դեպքեր դեռ չեն գրանցվել։ Անվտանգության նկատառումներով՝ աշխարհը նորից ինքնամեկուսանում է, պետությունները փակում են իրենց ցամաքային և օդային սահմանները գրեթե բոլորի և հատկապես հարավաֆրիկյան տարածաշրջանի երկրների հետ:
Կորոնավիրուսի նոր տեսակի բռնկումը կանխելու համար, սահմանափակող միջոցառումներից բացի, մշակվում են նաև այդ աղետի դեմ գիտական ճանապարհով պայքարի միջոցները:
Ռուսները վստահեցնում են, որ ռուսական Sputnik V պատվաստանյութը կարող են արագ հարմարեցնել նոր շտամին։ ԱՄՆ փորձագետներն էլ ենթադրում են, որ նոր շտամի դեմ դեղամիջոցները պատրաստ կլինեն մինչև 2022 թվականի ամառ։ BioNTech ընկերությունը հայտարարել է, որ BioNTech/Pfizer պատվաստանյութը կարող է հարմարեցվել նոր տարբերակին վեց շաբաթվա ընթացքում: