Նոյեմբերի 29-ին Մոսկվայում առցանց տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և ԽՎ 14-րդ համատեղ լիագումար նիստը:
Նիստի օրակարգում է եղել «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նախագահի ընտրության մասին» հարցը:
ՀԱՊԿ-ում նախագահող պետության խորհրդարանի ղեկավար, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարելով նիստը, ՀԱՊԿ ԽՎ-ի նախագահի թեկնածու է առաջադրել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին: ՀՀ ԱԺ նախագահը նիստի մասնակիցներին հիշեցրել է, որ համաձայն «ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մասին» ժամանակավոր կանոնակարգի՝ Նախագահին լիագումար նիստում խորհրդի անդամներից ընտրում է խորհրդարանական վեհաժողովը՝ երեք տարի ժամկետով:
Թեկնածուի առաջադրումից հետո Ալեն Սիմոնյանը քվեարկության է դրել Նախագահի ընտրության հարցը: Արդյունքում Վյաչեսլավ Վոլոդինը վերընտրվել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է գործընկերոջը՝ հետագա աշխատանքում մաղթելով հաջողություն:
ՀՀ ԱԺ նախագահը նաև ծավալուն ելույթ է ունեցել: Նա անդրադարձել է ժամանակակից աշխարհի միջազգային և ազգային անվտանգության խնդիրներին, ինչպես նաև՝ ընդլայնվող նոր մարտահրավերներին ու սպառնալիքների մասշտաբներին:
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ն առանցքային հարթակ է անվտանգության ապահովման համար՝ երաշխավորելու կազմակերպության անդամ պետությունների անվտանգությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:
Անդրադառնալով 2021 թվականի սեպտեմբերին Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի նախագահության ստանձնմանը՝ նա շեշտել է, որ Հայաստանի նախագահության առաջնահերթությունները կենտրոնացած են Կազմակերպության ներուժի ընդլայնմանը՝ ի շահ հավաքական անվտանգության ապահովման զարգացման: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ նշվում է հիմնարար փաստաթղթի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակը և ՀԱՊԿ-ի ստեղծման 20-ամյակը: ՀՀ ԱԺ նախագահն առաջարկել է ընդլայնել նաև համատեղ հայտարարություններ անելու պրակտիկան՝ թարմացնելով ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմները: Խոսելով առաջնահերթություններից՝ Ալեն Սիմոնյանն առանձնացրել է ՀԱՊԿ պետությունների միջև ռազմական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը: Ելույթում անդրադարձ է եղել ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, տեղեկատվական անվտանգության ապահովմանը և մի շարք այլ հարցերի: Ալեն Սիմոնյանը կարևորել է ՀԱՊԿ-ի խորհրդարանական հարթության հետագա ինստիտուցիոնալացման ուղղությամբ գործուն քայլերի ձեռնարկումը:
Նա մասնակիցներին տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հանդես է եկել խորհրդարանական վեհաժողովի 15-ամյակը նշելու և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հոբելյանական նիստը Երևանում անցկացնելու և մի շարք այլ առաջարկներով:
ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի օրակարգում են եղել նաև ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրությունների համապատասխանեցման և ներդաշնակեցման ուղղությամբ մշակված «Խաղաղապահ գործունեության և խաղաղապահ ուժերի մասին» և «Տեղեկատվական անվտանգության մասին» մոդելային օրենքների նախագծերը, ինչպես նաև մոդելային օրենսդրական ակտերի մի շարք այլ նախագծեր:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը զեկուցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացման աշխատանքների ընթացքի և կազմակերպության պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրավիճակի մասին: