«Հայաստան» համահայկական հիմնադրամն առաջիկա երեք տարիներին կղեկավարի Հայկակ Արշամյանը: Հոգաբարձուների խորհրդի նիստում նա վերանշանակվեց պաշտոնում: Արշամյանը կարևորում է հիմնադրամի հարյուր հազարավոր նվիրատուներին, որոնք կառույցի թիկունքին են՝ համախմբելով Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը:
Հայկակ Արշամյան («Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն) - Վստահ եմ՝ այդ համախմբումը շարունակական կլինի, և բոլորս կծառայենք մի կարևոր նպատակի, այն է՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի համաչափ զարգացմանը, որը դրված է հիմնադրամի ռազմավարության մեջ:
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԾՐԱԳՐԵՐԸ
Հիմնադրամը 2021-ի հեռուստամարաթոնը կազմակերպել էր այլ ձևաչափով՝ ներկայացնելով 44-օրյա պատերազմից մինչև այսօր հիմնադրամի ծրագրերի մասին հաշվետվություն: Հիմնադրամն աջակցում է հետպատերազմյան Արցախի վերականգնման աշխատանքներին, նաև Հայաստանի սահմանային բնակավայրերին:
Հայկակ Արշամյան - 12 մլն 351 հազար դոլարը բավական լուրջ արդյունք է, որովհետև եթե համեմատենք նույնիսկ 2019-ի հետ, ապա այն ժամանակ մոտ 11 մլն է հավաքվել, հիմա շատ ավելի շատ է, և դա ընդամենը 3 երկրի ցուցանիշով՝ ԱՄՆ, Ֆրանսիա և Տորոնտոյի տեղական մարմինը: Ֆրանսիան նույնպես ռեկորդային գումար հավաքագրեց, խոսքը 4 մլն դոլարի մասին է, 500 հազար Տորոնտոյի խոստումն է, մնացածը ԱՄՆ-ի հավաքած գումարներն են, գոհացուցիչ է:
Հեռուստամարաթոնի թեման Հայաստանի ու Արցախի սահմանային համայնքների կենսունակության բարձրացումն էր: Ծրագրերն ընդգրկում են Տավուշից մինչև Սյունիք: Արշամյանի խոսքով՝ տարվա կեսերից սկսել են աջակցություն ցուցաբերել Սյունիքի սահմանային գյուղերին, որոնք ճանապարհների խնդիրների պատճառով դժվարություններ ունեն:
Հայկակ Արշամյան - Այնտեղ արևային ծրագրեր ենք իրականացնում, դպրոցների վերանորոգման ծրագրեր ենք իրականացնում, փորձում ենք քաջալերել, որ մնան իրենց բնակավայրերում, ցույց ենք տալիս, որ հիմնադրամն ու համայն հայությունը կանգնած է իրենց թիկունքին:
Հիմնադրամը վերջին մեկ տարում Արցախում ներդրել է 80 միլիոն դոլար, այս պահին իրականացվում է 70 միլիոն դոլարի 50 ծրագիր: Հիմնադրամը խոշոր ներդրում կանի Արցախի վերակառուցված ծննդատան տեխնիկական վերազինման համար: Հայաստանում ու Արցախում կանցկացվեն ոռոգման և խմելու ջրի ցանցեր:
Նիստի օրակարգում էր նաև պատերազմի ժամանակ հավաքված գումարից 52 մլրդ դրամի նպատակային օգտագործման ուսումնասիրության հարցը:
Հայկակ Արշամյան - Հոգաբարձուների խումբը հիմա աշխատում է հայտարարության տեքստի վրա: Ես եմ զեկուցել, զեկուցել է նաև աուդիտորական ընկերության ղեկավարը, նաև ֆինանսների նախարարը: Լուծումներ են քննարկվել, թե ինչպես անել, որ այդ 52 մլրդի հաշվետվությունը ամբողջական լինի, հավաստիանանք, որ գումարների վատնում չի եղել:
«Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքով 182 միլիոն դոլարից 107 միլիոնը նվիրաբերվել է Հայաստանին, մնացած միջոցներով իրականացվում են հիմնադրամի ծրագրերը:
Հայկակ Արշամյան - Նիստի ժամանակ ՀՀ վարչապետը իր պատրաստակամությունը հայտնեց՝անել ամեն ինչ, որ հնարավորինս թափանցիկ լինեն, և հաշվետու լինի ֆիննախի զեկույցը:
Արցախում իրականացվում են բնակարանաշինական լայնածավալ ծրագրեր, 51 կմ տարբեր ճանապարհների կառուցում: Հիմնադրամի ղեկավարի խոսքով՝ պատերազմն ու համավարակը ազդեցություն ունեցել են գործունեության վրա. փոխվել են ներդրումների ուղղությունները, բայց արտակարգ պայմաններում իրենց աշխատանքը դարձել է ավելի ինտենսիվ:
Հայկակ Արշամյան - Հիմնադրամը պետք է կենտրոնանա Սյունիքի վրա, միշտ էլ ռազմավարական նշանակություն է ունեցել, բայց 44-օրյա պատերազմից հետո Սյունիքի դերակատարությունը, ստրատեգիական դիրքը ցայտուն երևաց, Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում լուրջ գործ ունենք անելու:
Առաջնային է նաև հիմնադրամի կանոնադրության փոփոխությունը, ըստ Արշամյանի, համապատասխանեցումը հիմնադրամների մասին նոր օրենսդրությանը:
Համահայկական ջանքերն ուղղված կլինեն նաև պատերազմում առողջությունը վտանգած հայրենիքի պաշտպանների լիարժեք վերականգնմանը: