«Ծառ՝ աղբի փոխարեն» բնապահպանական արշավի շրջանակներում մաքրապատված և հարակից տարածքներում տնկվում է ծառաթփային բուսականություն:
Այս անգամ ճանապարհապաշտպան անտառաշերտ հիմնվեց Սյունիքի մարզի սահմանամերձ Ներքին Խնձորեսկ գյուղի ճանապարհի երկայնքով և հարակից պուրակում:
Ներքին Խնձորեսկում հավաքված աղբի փոխարեն տնկվել է 500 ծառ, ծառատունկին մասնակցել է ավելի քան 40 մասնակից Ներքին Խնձորեսկից և Երևանից:
Ներքին Խնձորեսկում միջոցառումը կազմակերպել էին «Տարոն» երիտասարդական զարգացման ՀԿ-ն, Ներքին Խնձորեսկ բնակավայրը և Կենսաբանների հայկական միությունը:
Արշավն իրականացնում է «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ն՝ ՀՀ-ում Լիտվայի հանրապետության դեսպանության ֆինանսավորմամբ՝ «Հայաստանում համագործակցության զարգացման և ժողովրդավարության խթանման» ծրագրի շրջանակներում:
Շրջակա միջավայրի նախարարությունը շնորհակալություն է հայտնում միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին։ Միայն բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքը վարքագծի պարտադիր կանոն դարձնելով կարող ենք ապագա սերունդներին փոխանցել մեր անկրկնելի բնությունը։