2022-ի պետական բյուջեի նախագծով առաջարկվում է ավելացնել բնակչությանը պետական աջակցությամբ դեղորայք տրամադրելու ծրագրին հատկացվող գումարը՝ ներկայիս 3 միլիարդ 390 միլիոնի փոխարեն դարձնել 3 մլրդ 730 մլն դրամ:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը օրերս Ազգային ժողովում ասաց՝ աճը պայմանավորված է հիմնական դեղերի ցանկի վերանայմամբ: Այդ ցանկում ներառվում են համակցված պրեպարատներ, որոնց պահանջարկը մեծանում է: Գործընթացը, ի դեպ, սկսվել է ավելի վաղ, և, ըստ նախարարի, հիմնական դեղերի ցանկի փոփոխության արդյունքում սկսել են ավելի շատ օգտվել ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններից:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Երեք-չորս տարի առաջ այս տողի շրջանակում հիմնականում ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների միջոցով տրամադրվող դեղորայքը քիչ սպառման խնդիր ուներ: Ինչ է դա նշանակում. որ պետությունը մի կողմից հատկացնում է ֆինանսական միջոցներ, բայց մյուս կողմից, քանի որ դրա շրջանակում ձեռք բերվող դեղորայքը ինչ-որ առումով հետ ընկած է իրականում օգտագործվող դեղերի ցանկից, քաղաքացիները նախընտրում էին վճարել և ստանալ իրենց դեղորայքը այս միջոցով:
Մխիթար Պատվականյանը սրտի ստենտավորման է ենթարկվել, երրորդ խմբի հաշմանդամություն ունի, դեղորայքը պետք է ստանա 50 տոկոս զեղչով, բայց տարիներ շարունակ հրաժարվել է պետական այս աջակցությունից:
Մխիթար Պատվականյան - Սրտի իմ բժշկուհին գրում էր դեղեր, որ այդ դեղերը պիտի օգտագործեմ, բայց գալիս էինք, դրա փոխարինողն էր: Այս պահը հիմա վերացել է, շատ լավ է: Նախկինում ասում էին՝ էդ չունենք, էս դեղն ա փոխարինողը և այլն, և այլն, հիմա դրական բան կա, էն, ինչ որ գրվում է, ստանում ենք, օգտակարությունը բարձրացել է:
Մարինա Կարապետյանն էլ պոլիկլինիկա էր եկել հոր դեղորայքը ստանալու: Նոր փոփոխությունն արդյունավետ է համարում:
Մարինա Կարապետյան - Վերջին դեղամիջոցը՝ ճնշման հետ կապված, շատ էֆեկտիվ է, ավելի, քան թե նախորդը: Ինչի համար է էֆեկտիվ. դե, նրանք օրը երկու անգամ կարող էր օգտագործել, սա մի անգամ է օգտագործում, 24 ժամ ազդում է, ուղղակի կա դեղ, որը երկար է ազդում, կա դեղ, որ քիչ է ազդում:
Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Մարինե Տարախչյանը նկատում է՝ դեղորայքն ապահովվում է առանց ընդհատումների:
Մարինե Տարախչյան («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բկ պոլիկլինիկայի տնօրենի՝ մեծահասակ բնակչության գծով տեղակալ) - Պացիենտը ստանում է բարձր որակի բուժումը, դե, բարձր որակի բուժումն էլ ապահովում է բուժառուի կյանքի որակի բարձրացում:
Նոր սերնդի դեղորայքը հնարավորություն է տալիս նաև կրճատել առողջական տարբեր խնդիրներ վերացնելու համար ընդունվող հաբերի քանակը:
Անահիտ Մկրտչյան (ԱՆ դեղորայքային քաղաքականության բաժնի պետ) - Հիմնական դեղերի ցանկը լրամշակվել է, ընդգրկվել են նոր դեղեր՝ կրկնակի, եռակի ազդող նյութերի համակցումով: Այսինքն՝ նախկինում հնարավոր էր հիվանդի համար դեղը դուրս գրել, եթե երկու ակտիվ բաղադրատարր էր, ապա առանձին-առանձին, սակայն քանի որ այս պահին և՛ Հայաստանում, և՛ ամբողջ աշխարհում դեղագործությունը մեծ զարգացում ունի, և արտադրող ընկերությունները ստեղծել են այնպիսի պրեպարատներ, որոնք երկու-երեք ազդող նյութը մեկ դեղում, դա հնարավորություն է տալիս բարձրացնել և՛ էֆեկտիվությունը, և՛ դեղի մատչելիությունը:
Դեղերի ցանկը հիմնովին վերանայվում է երկու տարին մեկ անգամ՝ չբացառելով, իհարկե, ըստ անհրաժեշտության լրացումները: Հերթական վերանայումը պետք է լիներ 2020-ին: Բայց երկրում ստեղծված իրավիճակի պատճառով գործընթացը հետաձգվել է: Հաստատված նոր ցանկում 500 անուն դեղ է ընդգրկված՝ նախորդ 400-ի փոխարեն:
Ի դեպ, շահառու խմբերը ևս ավելացել են՝ Արցախի քաղաքացիներ, զինծառայողների ընտանիքներ, վիրավորում ստացած զինծառայողներ և այլ խմբեր:
Հեղինակ՝ Աննա Զախարյան