Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել Արցախի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը։
Քննարկվել են «ԱՀ 2022 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված արտաքին քաղաքական գործունեության, զբոսաշրջության և տեղեկատվության ոլորտների ֆինանսավորման հարցերը։
Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ներկայացնելով գերատեսչության պահպանման ծախսերը, նշել է, որ 2022 թ․ բյուջեով նախատեսվում է 880 մլն 750 հազ. 800 դրամ, որը 2021 թ․ համեմատ ավելի է 12 մլն 457 հազ 600 դրամով, ինչը պայմանավորված է պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացմամբ և պետծառայողի աշխատավարձի պաշտոնային դրույքաչափի բնականոն աճով։
Օտարերկրյա պետություններում ԱՀ մշտական ներկայացուցչությունների ծախսերը 2022 թ. համար նախատեսվում է 580 մլն 237 հազ 300 դրամ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 23 մլն 44 հազ 300 դրամի չափով՝ պայմանավորված արժույթների փոխարժեքների իջեցմամբ:
Նախարարը նաև պատասխանել է պատգամավորների առաջադրած հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին անվտանգությանը, Արցախի կարգավիճակին, արտաքին քաղաքականությանը, ԱՀ մշտական ներկայացուցչությունների գործունեությանը, առկա մարտահրավերներին, տեղեկատվական դաշտի ընդլայնմանը։
ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանը, ներկայացնելով գալիք տարվա զբոսաշրջության ծախսերը, նշել է, որ զբոսաշրջության զարգացման ծրագրով նախատեսվում է բյուջեից հատկացնել 33 մլն 500 հազ դրամ՝ նախորդ տարվա 10,0 մլն-ի համեմատ:
Ըստ նախարարի՝ զբոսաշրջության ծրագրի ծախսերը ուղղվելու են ենթակառուցվածքների և ծառայությունների բարելավման ու մարքեթինգի և խթանման միջոցառումներին։