Մաքսատուրքից ազատում 20 ծրագրի համար. գերակա ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակում արտոնությունը այս տարի տրամադրել է Կառավարությունը: Ըստ էության, արտոնությունների շնորհիվ տնտեսվարողները հավելյալ աշխատատեղեր են ստեղծում: Եթե ընկերությունը գերակա ոլորտներից է, իսկ անհրաժեշտ ապրանքը համապատասխանում է սահմանված արտոնություններին, Կառավարությունը հաստատում է:
Արմեն Եգանյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ) - Ավելի մեծ ծավալի ներդրումներ են անում, ավելի շատ աշխատատեղեր են ստեղծվում այս արտոնությունների տրամադրման արդյունքում, և ծրագրերը, որոնք որ արտոնություն են ստանում, օրինակ՝ սարքավորումների ներկրման համար, ասենք՝ 1 անգամ արտոնություն են ստանում, բայց նրանք երկարաժամկետ գործունեություն են ծավալում:
Գերակա ոլորտներն են գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, էներգետիկան, տրանսպորտը, առողջապահության համակարգը, տուրիզմի գործունեության որոշ տեսակներ:
Արմեն Եգանյան - Վերջին տարիներին մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հիմնականում օգտվում են արդյունաբերության ոլորտի ընկերությունները և էներգետիկայի ու որոշակիորեն նաև գյուղատնտեսության հատվածում՝ ջերմոցային տնտեսություններ:
Մաքսատուրքերից ազատման արտոնությունը, տնտեսագետների համոզմամբ, դրական է նաև արտահանման տեսանկյունից, քանի որ հումքի ներմուծման դեպքում հստակ պահանջ կա, որ արտադրված ապրանքների 80 տոկոսը պետք է արտահանվի:
Արմեն Քթոյան (տնտեսագետ) - Միջինում մեկ ընկերության մասով 3 մլրդ դրամի սարքավորման ներմուծման մասին է խոսքը, իսկ դա փոքր ծավալ չէ հայաստանյան տնտեսության համար: Ընդհանուր արտոնությունների գումարը կազմում է այդ շրջանառության կամ սարքավորումների գնի 7-8 տոկոսը:
2015 թվականից մինչև օրս մաքսատուրքերի արտոնություն տրամադրելու 222 ծրագիր է եղել, որով նախատեսված է եղել շուրջ 950 մլրդ դրամի ներդրում, որից մոտ 650 մլրդը ներկրվող սարքավորումներն են:
Արմեն Քթոյան - Արտոնությունը նշանակում է, որ պետությունը որոշակի գումար չի ստանում: Այսինքն՝ եթե դու ուզում ես ինչ-որ մի բան խթանես՝ ապագային միտված, դու պետք է հիմա ինչ-որ ծախսերից կամ եկամուտներից հրաժարվես, դա ընդունված տրամաբանություն է:
Հումքերի և սարքավորումների ներմուծման արտոնությունները տրամադրվում են այն դեպքում, երբ անհրաժեշտ ապրանքը չկա Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան