Սկսենք շաբաթվա գլխավոր իրադարձությունից: Ուրբաթ Սոչիում հանդիպեցին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարները: Հանդիպումը եռակողմ էր՝ գումարած ՌԴ նախագահի հետ ՀՀ ու Ադրբեջանի ղեկավարների առանձնազրույցները: Արդյունքն էր հայկական, ադրբեջանական ու ռուսական ստորագրություններով փաստաթուղթը, որը վերահաստատում է 2020-ի նոյեմբերի 9-ի և 21-ի հունվարի 11-ի՝ կողմերի ստանձնած բոլոր պարտավորությունների անվերապահ կատարումը:
Նախկին փաստաթղթերի մի շարք կետեր մինչև այժմ իրագործված չեն, մասնավորապես հայկական կողմի համար ամենազգայուն հարցը՝ գերիների ու պահվող այլ անձանց վերադարձը: Հումանիտար հարցերի լուծումը, ի դեպ, շեշտեց նաև Պուտինը եռակողմ հանդիպման մեկնարկին: Դեռ իրականություն չի նաև պայմանավորվածությունների ամենահավակնոտ հատվածը՝ տարածաշրջանի տրանսպորտային բոլոր ուղիների ապաշրջափակումը:
Նոյեմբերի 26-ի հայտարարությունը, ըստ էության, քայլ առաջ է: Փաստաթղթում ոչ միայն շեշտվում է արդեն ընդունված կետերի իրագործման անհրաժեշտությունը, այլև խոսվում է ՌԴ խորհրդատվական աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու, դրա հետևանքով էլ դելիմիտացիայի-դեմարկացիայի երկկողմ հանձնաժողովի ստեղծումը հնարավոր դարձնելու մասին: