ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մադրիդում մասնակցում է Իսպանիայի խորհրդարանի հովանու ներքո անցկացվող Միջխորհրդարանական միության 143-րդ քառօրյա վեհաժողովին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ Հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։
ՀՀ ԱԺ նախագահը նոյեմբերի 28-ի նիստում ելույթ է ունեցել: Նա շնորհակալություն է հայտնել իսպանացի գործընկերներին՝ երկու տարվա ընդմիջումից հետո համաժողովի գերազանց կազմակերպման և ջերմ հյուրընկալության համար: Խորհրդարանի նախագահը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանը և հայ ժողովուրդը բազմաթիվ ներքին և արտաքին մարտահրավերների են առերեսվում: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է լայնամասշտաբ բարեփոխումներ բազմաթիվ ոլորտներում՝ ի նպաստ ժողովրդավարական արժեքների և սկզբունքների: Նա շեշտել է, որ ժողովրդավարությունը Հայաստանում այլընտրանք չունի: Ազգային ժողովի նախագահը ժողովրդավարության զարգացման լուրջ մարտահրավերներից է համարել ապակայունացման և տարածաշրջանային հակամարտությունների վտանգը:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից սանձազերծած և 44 օր տևած Լեռնային Ղարաբաղի պատերազմին՝ ԱԺ նախագահը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հակամարտության կարգավորման երկարատև լուծում գտնելու անհրաժեշտությունը: Հետպատերազմյան իրադարձությունների ներկայացման համատեքստում Ալեն Սիմոնյանը ներկաներին հիշեցրել է երկու օր առաջ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի Սոչիում կայացած հանդիպումը, ուր քննարկվել են իրավիճակը կայունացնելու ուղիները՝ ապաշրջափակել բոլոր տրանսպորտային և հաղորդակցության միջոցները և լուծել մարդասիրական խնդիրները, այդ թվում հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձը: Նա ուշադրություն է հրավիրել ազնիվ երկխոսության անհրաժեշտությանը, որի պարագայում բոլոր հարցերը կարող են լուծվել առանց ուժի կիրառման: Օրենսդիր մարմնի ղեկավարը ժողովրդավարության ժամանակակից մարտահրավերներից մեկն է համարել կոռուպցիան՝ հավելելով, որ դրա դեմ պայքարը հիմնական առաջնահերթություններից մեկն է Հայաստանում:
Ելույթում անդրադարձ է եղել նաև երիտասարդության, Հայաստանում լրատվամիջոցների ազատության, կանանց իրավունքների հարցերին:
Եզրափակելով խոսքը՝ ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ արագ փոփոխվող ժամանակակից աշխարհում պետք է մեկտեղել ջանքերը՝ ժողովրդավարության նոր մարտահրավերներին դիմակայելու համար: Վեհաժողովում հնչած ելույթների, քննարկումների օրակարգային հիմնական թեզերը կառուցված են ժողովրդավարության ժամանակակից մարտահրավերների շուրջ: Համաժողովի նպատակն է ընդլայնել Միջխորհրդարանական միության անդամների հաղորդակցման հնարավորությունները՝ նպաստելով միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը:
Համաժողովի նախորդ երկու օրվա ընթացքում պատվիրակներն անդրադարձել են քաղաքական համակարգերի նկատմամբ հանրային վստահության թուլացման, սոցիալական ցանցերի միջոցով բևեռացման և ապատեղեկատվության տարածման պայմաններում խորհրդարանների գործառույթներին և որոշիչ դերակատարությանը:
Խորհրդարանականները մտքեր են փոխանակել հասարակության հետ արդյունավետ համագործակցության, որոշումների կայացման գործընթացի ներառականության և ներկայացուցչականության վերաբերյալ: Միջխորհրդարանական միությունում ընդգրկված է ավելի քան 120 անդամ երկիր: Համաժողովին նախատեսված է ընդունել նաև Միջխորհրդարանական միության 2022-2026 թվականների նոր ռազմավարությունը:
Այն նպատակ ունի վերակողմնորոշել միջխորհրդարանական վեհաժողովն այն ոլորտներում, որտեղ այն կարող է մեծ ազդեցություն ունենալ և որտեղ խորհրդարանական գործիքակազմի անհրաժեշտություն կա: Ռազմավարությունը սահմանում է հետևյալ քաղաքական առաջնահերթությունները՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջոցներ, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և գենդերային հավասարություն, խաղաղություն ու անվտանգություն, կայուն զարգացում: